ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 28-ին, ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին եւ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով մեր ամբողջ ժողովրդին ուրախության եւ հպարտության պահեր պարգեւելու, բարձր տրամադրություն հաղորդելու, ինչպես նաեւ մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար:
Նախագահը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ են դառնում երեխաների եւ այլ երիտասարդների համար, ովքեր ոգեշնչվում են, ձգտում նմանվել նրանց, դառնում է՛լ ավելի աշխատասեր ու նպատակասլաց:
Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից եւ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով եւ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին եւ պատշաճ իրականացնելու համար:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին սպորտի զարգացման եւ մարզիկների նկատմամբ մշտական ուշադրություն ու հոգածության համար՝ ընդգծելով, որ դա ամեն անգամ ավելի է ոգեւորում եւ պարտավորեցնում հասնել նոր հաջողությունների:










