Չեն ուզում, որ հարցը հասնի վարչապետին. ԿԳՄՍՆ-ի ապօրինությունների մասին դիմումը կառավարությունից վերահասցեագրել են ԿԳՄՍՆ-ին (Տեսանյութ)


Չեն ուզում, որ հարցը հասնի վարչապետին. ԿԳՄՍՆ-ի ապօրինությունների մասին դիմումը կառավարությունից վերահասցեագրել են ԿԳՄՍՆ-ին (Տեսանյութ)
Ապրիլ 5 12:09 2024

ՀՀ կառավարությունից ինձ երեկ պատասխանել են, որ իրենց ուղարկված փաթեթը վերահասցեագրվել և ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն. «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրությունում ասում է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը:

«Ես նամակ եմ ուղարկում վարչապետին և գրում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը և նախարարությանը ենթակա թատրոնն արել են մի շարք ապօրինություններ, և այդ նամակը վերահասցեագրվում է այդ ապօրինություն անող մարդկանց»,-ասաց նա և նշեց, որ դիմումի վերջում իրենք խնդրել էին նաև հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկենք թատրոնի հարցը:

«Հիմա, եթե դիմումը վերահասցեագրվել է նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը պիտի մեզ թո՞ւյլ տա վարչապետի հետ հանդիպել: Սա բացահայտ անգործություն է կամ միտում. էս մարդիկ չեն ուզում, որ հարցը հասնի վարչապետին»,-ասաց թատրոնի կառավարման խորհրդի նախագահը:

Սարգիս Արզումանյանի խոսքով, կառավարությունից ստացած պատասխան-ծանուցման մեջ նշված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է 10-օրյա ժամկետում պատասխանել դիմումին: Թատրոնի աշխատակիցները պատրաստ են սպասել նախարարության պատասխանին, սակայն ամեն ինչ անելու են, որ կայանա հանդիպում վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց ապրիլի 3-ից  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու՝ նախարարության որոշման դեմ: