ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Քաղաքականությունն ունի դաժան օրենքներ։ Դրանցից մեկն ասում է՝ հաղթում է ուժեղը, և ոչ թե արդարը։ Թույլն իրավունք չունի ամենևին։ Պարտվա՞ծ ես, ուրեմն կամ պիտի ընդունես պարտվածի ճակատագիրը, կամ ամեն ինչ անես պարտության էջը փակելու ու դեպի հաղթանակ գնալու համար։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Պարտության սիմվոլ Փաշինյանը պարտությունը որպես հաղթանակ է ներկայացնում (խաղաղության օրակարգի սոուսի ներքո)՝ համակերպվելով պարտության հետ, իսկ մնացածը, մի քանի բացառությամբ, էնպես են խոսում, կարծես թե ոչ թե թուրքն է Տավուշի մատույցներում ու Սյունիքում, այլ մենք ենք հասնում Գանձակ ու Բաքու։ Մենք (ես էլ մեջը) հիմնականում, բացի էմոցիոնալ ճիչից ու արդարության պահանջի անհետևանք խոսքերից, որևէ կոնկրետ բան չենք արել։ Բոլորս կանխատեսող ենք, բայց ոչ կանխող։ Իսկ Հայաստանը կանխողի կարիք ունի։ Չե՞ս ուզում՝ թուրքը գա վերահսկի Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը Տավուշում՝ թույլ մի տուր, եթե կարող ես։ Չե՞ս ուզում՝ թուրքը գա Սյունիքը վերահսկի, թույլ մի տուր, եթե կարող ես։ Չե՞ս կարող, ուրեմն մի տվայտվիր։ 2018-ից՝ ՀՀԿ-ն, իսկ 2020-ից՝ գրեթե բոլոր պետականամետ ուժերն ասել են՝ եթե Փաշինյանը մնաց, հերթով թուրքի պահանջները բավարարելու է։ Ի՞նչ եղավ հետո։ 2021-ին Փաշինյանը վերընտրվեց։ Ո՞վ էր մեղավոր… Արևմուտքը, Թուրքիան, ՌԴ-ն, Իրանը։ Ոչ, մենք էինք մեղավոր. մենք՝ որպես հասարակություն։ Հիմա ոչ թե 2016-ն է, այլ՝ 2024-ը։ ՀՀ-ն ոչ թե Արցախն ազատագրած Սերժ Սարգսյանն է ղեկավարում, այլ՝ Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, անլուրջ է 2016-ի խոսույթով 2024-ին խոսել։ Ասածս ի՞նչ է. քանի դեռ մեզ ղեկավարում են կապիտուլյանտները, մեզ ոչ մեկը բանի տեղ չի դնելու, իսկ մեր խոսքերն էլ ընկալվելու են ընդամենը որպես մուրացկանի աղաչանք։ Իսկ մուրացկանն, անկախ հայրենիքի, երբեք արժանի չի լինում։ Նրան ամենաշատը տալիս են անկելանոց։ Ինչ ասացի, նախևառաջ ինձ էլ է վերաբերում։ Բայց սա է իրականությունը։ Թե չէ՝ Խրիմյանի «թղթե շերեփը» վերցրած՝ մի մասը Հայաստանի ներսում է բողոքում, մի մասը՝ Արևմուտքում, իսկ մի մասն էլ՝ Ռուսաստանում։ Պետություն ունենալը զոհողություն է նաև, այլ ոչ թե վայելք։ Մենք պատրաստ չեղանք այդ զոհողությանը դժբախտաբար, պատրաստ չենք նաև այսօր։ Երբ Աստծո ու Հայրենիքի փոխարեն ընտրում ես մամոնային, լինում է այնպես, ինչպես հիմա է մեր մոտ»։ |
Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով