«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական օրակարգում ու հասարակական քննարկումներում կտրուկ աճել են սպասումներն ու մտահոգությունները։ Սահմանային վերջին միջադեպերը, մասնավորապես Շաքիի դեպքը, ինչպես նաև շարունակվող արտաքին սպառնալիքները փաստում են, որ երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև։ Սրան հավելվում է նաև խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված՝ ապագայի անորոշության զգացողությունը, ինչը հասարակության շրջանում խորացնում է անվտանգային ու քաղաքական երաշխիքների փնտրտուքը։
Ստեղծված իրավիճակում առանցքային այս հարցերին օրերս պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում։ «Մենք հետամուտ ենք լինելու առ այն, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի։ Մենք շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով, որի մասին ավելի մանրամասն կհայտնենք երկու շաբաթ հետո՝ հաջորդ քառօրյայի ընթացքում»,- հայտնել է նա։
Անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ Աբրահամյանն ասել է. ««Ուժեղ Հայաստանը» փոքր հաջողություն արձանագրեց առ այն, որ հարցուպատասխանի վերջում հասանք նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ նա չի պատրաստվում ադրբեջանցի զինծառայողին՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու դեպքում արտահանձնել Ադրբեջան»։ Ըստ նրա, Շաքիի դեպքը փորձություն էր Ադրբեջանի կողմից, որը Նիկոլ Փաշինյանը ձախողեց. «Ալիևը շարունակում է զիջումներ պահանջել ՀՀից, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ։ Փաստացի դա վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ-ն թուլացնում է ներսից, Ալիևը՝ դրսից»։
Հարցին՝ ի՞նչ գործողություններ եք նախատեսում Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Հիմա ԱԺ-ում ունենք ինստիտուցիոնալ պայքար, որի արդյունքում ԵԽԽՎ-ն հրապարակեց այն զեկույցը, որը վերաբերում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որտեղ արձանագրված են աննախադեպ խախտումներ, որոնք տեղի են ունեցել նախընտրական փուլում, ընտրությունների օրը և հետընտրական գործընթացներում։ Մեր պայքարի ընդհանուր մոդելը ինստիտուցիոնալ պայքարն է ԱԺ-ում։ Լինելու է փողոցային պայքար, լինելու է մեկ անգամ և լինելու է հաղթական»։
Ըստ էության, հետընտրական Հայաստանը թևակոխում է քաղաքական պայքարի որակապես նոր, ինստիտուցիոնալ փուլ. խորհրդարանն արդեն ձևավորված է, և ընդդիմությունն անցել է իր լիարժեք առաքելության իրականացմանը։ Սա արտահայտվում է ինչպես օրենսդիր հարթակում, այնպես էլ արտաքին ու ներքին քաղաքական ակտիվ գործընթացներում։ Անցած քառօրյայի ընթացքում ընդդիմադիր գործիչները ծավալել են ինտենսիվ դիվանագիտական աշխատանք. տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, իրականացվել են արտասահմանյան գործուղումներ, որոնց ընթացքում միջազգային գործընկերների հետ քննարկվել են երկրում ստեղծված անվտանգային ու քաղաքական ճգնաժամային իրավիճակները։ Զուգահեռաբար ուշադրության կենտրոնում են պահվում հանրային ամենազգայուն խնդիրները. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների հետ՝ փաստելով, որ ընդդիմությունը ստանձնում է քաղաքական համակարգի պատասխանատու ու գործունյա բաղադրիչի դերը։
Այս ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանը հաջորդելու է իշխանափոխության հասնելու տրամաբանական փուլը։ Տարածաշրջանային ու համաշխարհային աշխարհաքաղաքական տուրբուլենտության, միջազգային կառույցների քննադատական զեկույցների, ինչպես նաև ռուսական կողմից արտաքին կողմնորոշման հստակեցման պահանջների ներքո գործող իշխանության դիրքերը զգալիորեն թուլանում են։ Վարչապետ Փաշինյանի փորձերը՝ խուսանավելու հստակ արտաքին քաղաքական գիծ որդեգրելուց և միաժամանակ տարբեր ուժային կենտրոնների միջև մանևրելու, այլևս սպառում են իրենց։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական խորամանկությամբ իշխանություն պահելն անհնարին է դառնում. դժգոհություն է ձևավորվում թե՛ Հավաքական Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի մոտ։ Արդյունքում՝ աշխարհաքաղաքական այս խճճված իրավիճակում աստիճանաբար նշմարվում է միջազգային լայն կոնսենսուս առ այն, որ ներկայիս իշխանությունն այլևս ունակ չէ ապահովելու երկրի կայունությունը, և իշխանափոխությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում










