Հերթական դժբախտ պատահարն է գրանցվել երեկ` Երեւանի նոր կառուցվող բազմաբնակարանային շենքերից մեկում։ Բարձր հարկից ներքեւ է ընկել ու մահացել 1991 թվականին ծնված Սարգիս Մարգարյանը։ Մահացածը Արմավիրի մարզի Այգեվան բնակավայրի բնակիչ էր։ Վերջինիս մահանալու մասին տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Սահակյանը։
«Հստակ տեղեկություններ չունենք դժբախտ պատահարից` աշխատանքի ժամանակ է եղել, թե ոչ, միայն գիտենք, որ բարձր հարկից է ընկել։ Սարգիսը ռազմական գործողությունների մասնակից է եղել։ Բոլորն էլ բնութագրում են իրեն որպես զուսպ, համեստ, աշխատասեր երիտասարդ»,-ասաց վերջինս։
Սարգիս Մարգարյանը ամուսնացած էր, խնամքին ուներ երկու երեխա, երեք եղբայրներից կրտսերն էր։
Նորակառույց բազմաբնակարանային շենքերի շինարարության ժամանակ գրանցած հերթական դեպքն է գրանցվում, կարծում ենք, որ շինարարական ընկերությունները պետք է ավելին անեն` աշխատակիցների համար անվտանգությունն ապահովելու համար` նմանատիպ դժբախտ պատահարներից խուսափելու համար։
Մեր ցավակցությունն ենք հայտնում Սարգիս Մարգարյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։