Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, X սոցցանցի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել բոլորին՝ մխիթարանքների համար։
«Մեր ուրախությունը մեծ էր։ Պատրաստվում էինք ընդունել մեր հայրիկին, բայց անարդարությունը դեռ չի ավարտվել։ Ոչ ոք չգիտի, թե ինչ ենք մենք զգում։ Մեզանից յուրաքանչյուրի սիրտը կոտրված է: Աղոթենք Աստծուն, որ նա, ի վերջո, մեզ հետ լինի»,-գրել է նա՝ խնդրելով բոլորին բարձրաձայնել Վիգենի անունը։
Նա նաև գրել է, որ ուրախ է մյուս ընտանիքների համար, որոնց հարազատներն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը Շուշի էր տեղափոխվել 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ։ Նա գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ անց, երբ լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ մեքենայով Բերձորով գնացել է Շուշի՝ անձնական իրերը վերցնելու։
Մարալը նույնպես գերեվարվել էր։ Լիբանանի կառավարության ջանքերի շնորհիվ 2021 թվականի մարտին նա ազատվել է գերությունից։ Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքջյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:










