Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց դեպքի մասին


Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց դեպքի մասին
Դեկտեմբեր 2 19:23 2023

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս տարվա օգոստոսին Երևանում 28-ամյա տրանսգենդերի աղմկահարույց սպանության վարույթի վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ սպանվածը և սպանության համար կալանավորված 26-ամյա երիտասարդը մանկության ընկերներ են եղել և այն վարկածը, թե իբր սպանության պատճառը եղել է տրանսֆոբիան (տրանսգենդեր մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը), վարույթն իրականացնող մարմնի կողմից չի հաստատվել:

Վարույթի շրջանակներում նշանակվել է դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննություն՝ պարզելու արդյոք սպանության համար մեղադրվող 26-ամյա երիտասարդը տառապու՞մ է հոգեկան հիվանդությամբ, մեղսագրվող արարքների կատարման պահին կարո՞ղ էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, ինչպես նաև արդյոք նրա մոտ առկա՞ է թմրանյութերից կախվածություն, թե՞ ոչ:

Մեր տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ մեղադրյալը նախկինում բուժվել է թմրանյութերի կախվածությունից, իսկ սպանվածի հետ թմրաշրջանառության հետ կապված ենթադրյալ գործարքների մեջ եղել, ինչն էլ ավարտվել է վիճաբանությամբ և սպանության պատճառ հանդիսացել:

Նշենք, որ տրանսգենդերի սպանության և նրա բնակարանի հրկիզման համար Արմավիրի մարզի 26-ամյա բնակչին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կոտի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման եղանակով):

Մեր տեղեկություններով՝ մեղադրյալն ամուսնացած է և մանկահասակ երեխա ունի: Նա նախքան կալանավորվելը, պարբերաբար մեկնել է Գերմանիա՝ աշխատելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի 17-ին դատարանը 26-ամյա երիտասարդի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով:

Վարույթի շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, դատանարկոլոգիական, դատահոգեբուժական համալիր, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր, դատագենետիկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ: