Շուրջ 20 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք Տերյան փողոցի զբոսայգում. գործի են դրել դանակ ու քարեր


Շուրջ 20 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք Տերյան փողոցի զբոսայգում. գործի են դրել դանակ ու քարեր
Նոյեմբեր 30 20:10 2023

Նոյեմբերի 27-ի ժամը 14.00-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ծոծրակի վերքով բուժօգնության է տեղափոխել 21-ամյա երիտասարդի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում ընկնելու հետևանքով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունը ժամը 14.10-ին նույն հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ազդրի ծակած վերքով բուժօգնության էր դիմել 16-ամյա մի պատանի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նոյեմբերի 27-ի ժամը 13.20-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը, ինչ-ինչ հարցեր պարզաբանելու համար, 8 ընկերների հետ Տերյան փողոցի զբոսայգում հանդիպել են 16-ամյա պատանու և նրա 9 ընկերների հետ: Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով խփել է 16-ամյա պատանուն, ինչից հետո պատանու ընկերները քարերով հարվածներ են հասցրել 21-ամյա երիտասարդին և նրա ընկերներին: Փոխադարձ հարվածները զուգորդվել են հայհոյանքներով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Հետագա միջոցառումներով 21-ամյա երիտասարդը Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: