Քարվաճառի հատվածում գերեվարված Գագիկ Ոսկանյանի դեմ շինծու գործով դատական նիստը այսօր հետաձգվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ նրանց տեղեկատվության՝ պատճառը եղել է այն, որ մեղադրյալը դատարան չի բերվել։ Թե ինչն է եղել նրան դատարան չբերելու պատճառը, չի հաղորդվում։
2023թ օգոստոսին վարժական հավաքների մեկնած և ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի գործը Գանձակի՝ «Գյանջայի» դատարանում է, այն քննելու է դատավոր Աբդուլլա Մամեդովը։ Ադրբեջանցիները շինծու գործով նաև «տուժողներ» են գտել՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ պաշտոնապես հայտնի դարձավ՝ վարժական հավաքի մասնակցին՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման մասին։










