Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան


Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
Նոյեմբեր 29 16:57 2023

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր չի համարում։  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա հզոր բանակ ստեղծել ու ինքն իրեն պաշտպանի, հույսը չդնի հարևանների վրա, որևէ մեկը չի գալու իրեն փրկելու։ 

Հարցին՝ ինչպե՞ս է այս իշխանությանը սատարում, նա պատասխանեց. «Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ես այս իշխանությանը սատարում եմ։ Այսինքն եթե ես ճշմարտությունից եմ խոսում, ես սատարում եմ այս իշխանությա՞նը։ Խնդիրը դնում եք, որ չի պահանջում հրաժարական։ 
Ով գոռգոռում է, ով պահանջում է...  Կարող եմ օրինակներ բերել, որ նրանք համագործակցում են այս իշխանության հետ»։ 

Ս.Բաբայանը հայտարարեց, որ Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, որովհետև պառլամենտը չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը։

«Պետք է գնալ նոր ընտրությունների։ Եթե ընդդիմությունն ուզում է պառլամենտի ընտրություն լինի, մանդատները  ցած են դնում, դուրս են գալիս, մնում է  մի ուժ, պարտադրված  գնում են նոր ընտրությունների։ Ով կհաղթի, նա էլ նոր վարչապետ է նշանակում։ Խնդիրն այն է, որ Հայաստանում պետք է լինի պառլամենտական նոր ընտրություն»,- ասաց նա։