«Հերթը Տավուշինն է, հնարավոր է` մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)


«Հերթը Տավուշինն է, հնարավոր է` մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Հոկտեմբեր 15 19:34 2023

Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է և չեմ չափազանցնում, հնարավոր է` մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մակարավանքում իր քարոզի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով վանքում գտնվող դպրոցականներին:

«Ամիսներ առաջ մենք նաև Գանձասարի սրբավայր էինք գնում, Ամարասի սրբավայրն էինք գնում, Շուշի էինք գնում, հիմա չենք գնում: Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ: Ոչ թե որ չուզենանք, այլ պարզապես չկարողանանք: Եվ հենց այս տարիքից ձեր մեջ ամեն ինչ պետք է շատ պարզ ու հստակ լինի, եթե ձեր ուսուցիչները ձեզ չպատմեն, դուք պետք է ստիպեք, որ պատմեն: Մենք չենք կարող մեր հայրերի ժառանգությունը՝ մեր հայրենիքը, սրբավայրերը, մեր հերոսների շիրիմները, մեր գերեզմանները, իրենց սխրանքը հենց այնպես լքել, թողնել: Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է և չեմ չափազանցնում, հնարավոր է` մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Ձեզ ուզում են հետ պահել էն մտքից, երեխեք ջան, որ դուք հայրենիք չունեք: Ձեր գրքերն էլ է այդպես գրվում, ձեր շուրջն էլ է այդպես խոսվում: Ձեզ կարող են միայ սովորեցնել, որ դուք գնացեք, փող աշխատեք, մեծ տուն սարքեք, մեքենաներ ունեցեք, լավ կերեք, լավ խմեք և այլն»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանն ասաց, որ այսօր հայրենիքի մի մեծ հատված կորցրել ենք, համենայն դեպս` այս պահին, և խնդրեց ուսուցիչներին ու աշակերտներին, որ անձնական ուրախությունը չփնտրեն ուրիշների մահվան հաշվին:

«Քոչվորները, ոչխարապահները իրենց համար հայրենիք դարձրեցին, նրանք ովքեր մեծ կրթություն ունեցող, զարգացած էին, այն դարձրեցին արոտավայր: Ոչ մեկ չպետք է մոռանա այս մասին, մեզ համար պիտի դառնա նոր սխրանքներ գործելու առիթ, այս խոցված, հարվածված վիճակից բուժվելու առիթ: Վստահ եմ` երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում՝ ինչ է կատարվել»,- ասաց նա:



loading...