«Հրապարակ» -ը գրում է․ Ցանկացած պետության հզորության ցուցիչներից է դիվանագիտական ծառայությունը: Ցանկացած դիվանագետ զինվորական է, ով պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր գործը չանեն զինվորականները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մանավանդ՝ եթե խոսքը գնում է Հայաստանի դիվանագետի կամ բանակի մասին: Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այնպես էլ Հայաստանի ԱԳՆ աշխատակազմի մի մասը ողջունում էր հեղափոխությունն ու դրա առաջնորդներին: 2018 թվականին, դիվանագետների կարծիքով, դրական փոփոխությունների հեռանկար կար, եւ բնական էր, որ յուրաքանչյուրն այդ դրականը յուրովի էր տեսնում: Յուրովի տեսնող մի քանի կատեգորիայի դիվանագետների հետհեղափոխական վարքագիծը, մոտեցումները, սկզբունքներն ու դրանց բացակայությունն ինձ ստիպեցին ներկայացնել արտաքին գործերի նախարարության ողջ ներքին պերճանքն ու թշվառությունը, քանի որ համոզմունք ունեմ՝ պետական ծառայողները հաշվետու են հարկատուներին: Սա էլ թող լինի յուրահատուկ հաշվետվություն, գոնե իմ մասով՝ ներկայացված համեստ, ոչ բարձր դասի դիվանագետի կողմից...
Եվ այսպես․ հիշենք հետհեղափոխական Հայաստանը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Զոհրաբ Մնացականյանին Նյու Յորքից շտապ կանչեցին Երեւան: Փաշինյանի հետ հանդիպումից ժամեր անց պարզ դարձավ, որ հենց նա է նշանակվելու ԱԳ նախարար:
10 տարի նույն նախարարին ունենալուց հետո համակարգը, բնականաբար, փոփոխությունն ադեկվատ ընդունեց: Մնացականյանի նկատմամբ վերաբերմունքը, ընդհանուր առմամբ, դրական էր, սակայն դիվանագետների ընդունել-չընդունելը կարեւոր չէր: Մնացականյանը Փաշինյանի թիմի կողմից այդպես էլ մնաց չընդունված, կառավարության աշխատակազմից մշտապես «պոդստավկաների» (բոլոր նմանատիպ տերմինները վերցված են ԱԳՆ-ում շրջանառվող բառապաշարից) ենթարկվող, իր տեղակալ Ռուբինյանի կողմից մշտապես «կոնտրոլի տակ պահվող», որի տակը մշտապես փորում էին։ Եվ որն աչքի էր ընկնում բացառապես անգլերենի եւ ռուսերենի լավ իմացությամբ եւ չէր փայլում կամային հատկանիշներով: Այդ ժամանակ կառավարությունից նրա վրա «նաեզդներ» էին անում Արսեն Խառատյանն ու Արսեն Գասպարյանը՝ Փաշինյանի խորհրդականները: Ընդհանրապես, կառավարությունում այդ ժամանակ ձեւավորվել էր արտաքին քաղաքականությունից իբրեւ թե հասկացողների թիմ, որոնց Արսեն Խառատյանն էր «քշում»: Երբ Արսեն Խառատյանի «քավորությամբ» Սերժ Սարգսյանի բազմամյա օգնական եւ հետագայում հանուն պաշտոնի Սերժի վրայից «թռած» Վարուժան Ներսիսյանը նշանակվեց դեսպան ԱՄՆ-ում, Մնացականյանն ամբողջությամբ կորցրեց կառավարությունում իր դաշնակիցներին՝ մնալով ԱԳՆ-ից կառավարություն գործուղված Հրաչյա Թաշչյանի հույսին, ով առանձնապես հարց լուծող չէր:
Փաշինյանն ի սկզբանե դժգոհ էր Մնացականյանից, նրան թիմի անդամ չէր համարում եւ չէր վստահում: Մնացականյանի նշանակումն առավելապես պոպուլիստական որոշում էր, հետեւապես նրա պաշտոնավարումը ժամանակավոր բնույթ էր կրում: Ակնհայտ է, որ այդ պաշտոնին հավակնողների պակաս չկար: Նույն Խառատյանը, Ռուբինյանն ու մյուսները, որ կապ չունեին դիվանագիտության հետ, երազում էին հայտնվել այդ պաշտոնում: Սակայն Ռուբինյանի պարագայում խանգարում էր նրա «թուրքական» հետագիծը, Խառատյանի պարագայում՝ ամերիկա-սորոսական: Ուստի Մոսկվայի հետ խնդիրներ չունենալու նպատակով Լավրովի հետ դեռեւս ՄԱԿ-ից լավ ծանոթ Մնացականյանն էր նշանակվել նախարար, ում հետ հեղափոխականները «չերեզ նե խոչու» էին աշխատում: Օրինակ, Ռուբինյանը կարծում էր, որ մի քանի ամիս տեղակալ աշխատելուց հետո հենց ինքն է փոխարինելու Մնացականյանին: Նա համոզված էր, որ միջազգային քաղաքականությունից փայլուն գիտելիքներ ունի, եւ միայն փորձի պակասն է պատճառը, որ նրան նախարար չեն նշանակում: Հետեւաբար, տակից աշխատում էր Մնացականյանի դեմ: Այդ ժամանակ կառավարությունում կարծիք կար, որ դրսից նախարար բերելու պարագայում համակարգը կարող է բոյկոտել օտարածին նախարարին:
Դրա համար էլ Արարատ Միրզոյանի գալը նշանավորվեց համակարգի կործանմամբ: Նա կործանեց համակարգը՝ վախենալով հնարավոր բունտից: Սակայն իրականում ԱԳՆ-ում հարմարվողների մեծամասնության պատճառով ոչ մի բունտ էլ չէր լինելու, քանի որ կային սամվելյաններ, սեյրանյաններ, եգանյաններ, որոնց համար կարեւորը պաշտոնն էր, ոչ թե սկզբունքը: Իհարկե, հեղափոխությունից հետո Փաշինյանի «տակ պառկողների» պակաս չեղավ: ԱԳՆ-ում «արհեստավարժ պառկողներ» նոմինացիայում էին ներառված ցանկացած իշխանության տակ պառկելը, «իշխանությանը չենք ծառայում՝ երկրին ենք ծառայում» անսկզբունք թեզը շրջանառող բալայանները, մկրտչյանները, ներսիսյանները, նաղդալյաններն ու այլք:
Ընդ որում, նրանք մարդիկ էին, ովքեր Նալբանդյանի ու Սերժ Սարգսյանի օրոք էին «մարդ» դարձել, սակայն իշխանափոխությունից հետո Նալբանդյանի հեռախոսազանգերին անգամ չէին պատասխանում, ով փոքր տեխնիկական հարցերով դիմում էր նախկին ենթականերին ու պրոտեժեներին, ասենք՝ աշխատանքային գրքույկի կամ ինչ-որ տեղեկանք վերցնելու համար:
Մնացականյանին, ինչպես արդեն նշվեց, Փաշինյանի թիմում լավ չէին վերաբերվում: ԱԳՆ-ում շրջանառվում էր մի տեղեկություն, որ քննարկումներից մեկի ժամանակ Փաշինյանը թղթերով լի փաթեթը, որը բերել էին ԱԳՆ-ից, ցուցադրաբար շպրտել է Մնացականյանի ուղղությամբ եւ իրեն բնորոշ անդուր ձայնով բղավել Մնացականյանի վրա: Ներկաները միանգամից մտածել են, որ այսքանից հետո Մնացականյանը հրաժարական կտա, սակայն դա տեղի չի ունեցել: Հենց այսպիսի միջավայր էր ձեւավորվել պատերազմից առաջ՝ երբեմնի ինտելեկտուալ համբավ ունեցող համակարգում եւ դրա շուրջ: