Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի անդամներին
«Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց դաշինքի անդամներին և աջակիցներին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և միջազգային հարթակներում հայության ձայնը լսելի դարձնելու ջանքերի համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախահայության իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման փաստերի առնչությամբ։
Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց բարեկամ երկրների ու միջազգային հանրության ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման։
«Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ կիսելով մտահոգությունները արցախահայության ոտնահարված իրավունքների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության կապակցությամբ։
Վերջիններս ընդգծեցին, որ հիշյալ հարցերը պիտի շարունակեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների պետական բարձրագույն ատյաններում՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի մոռացվելու համաշխարհային մեծ իրադարձությունների հորձանուտում»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։