էլեն Բադալյանի հետ զբոսնում ենք Կասկադով։ Վայրը հենց Էլենն է ընտրել, քանի որ սա նրա ամենասիրելի անկյունն է Երևանում՝ հարազատ քաղաքում, որի հետ չէր հանդիպել արդեն 3 տարի։ «Ну-ка, все вместе!» նախագծում հաղթանակից հետո Էլենի կյանքը փոխվել է․ փոխվել է նաև Երևանը նրա աչքերում։ Այստեղ հիմա նրան ջերմությամբ է ընդունում ոչ միայն երևանյան արևը, այլև մարդիկ, ովքեր նախագծում նրա հաղթանակից հետո ճանաչում են իրեն, մոտենում, լուսանկարվում ու պատմում, թե որքան հպարտ են իրենով։
Էլենին Երևան բերել էր հանգիստը, սակայն երգչուհին երկար չէր կարող մնալ հայրենիքում․ նրան կրկին կանչում է «Ну-ка, все вместе!» նախագիծը, բայց այս անգամ մեր հայրենակցուհին ոչ թե մասնակցի, այլ ժյուրիի կարգավիճակում է։
«Երեք տարի այստեղ չէի եղել, շատ էի կարոտել։ Իրականում կցանկանայի գոնե մեկ ամիս մնալ, բայց չեմ կարողանա հասկանալի պատճառով։ Շատ էի կարոտել Երևանը, ընտանիքիս անդամներին՝ տատիկիս, պապիկիս։ Այստեղ շատ հարազատներ ունեմ»,-պատմում է զրուցակիցս։
Հայրենակիցների ջերմ վրաբերմունքն ու խոսքերն են, որ հատկապես շոյում են Էլենին։
«Շատ հետաքրքիր էր տպավորությունս, երբ դուրս եկա քաղաք։ Շատերը նայում էին դեմքիս ու ժպտում։ Ոմանք մոտենում էին։ Ինձ համար անհավատալի է, որ այսպիսի բան է տեղի ունենում ինձ հետ իմ հայրենիքում։ Ու ես հասկանում եմ, որ ուրեմն ճիշտ ուղու վրա եմ»։
«Ну-ка, все вместе!» նախագծին հետևողները գիտեն՝ այստեղ հույզերի պակաս չկա։ Էմոցիաները երբեմն հասնում են գագաթնակետին՝ անգամ առաջացնելով վեճեր այս կամ այն ժյուրիի անդամի միջև։ Երբ Էլենի ելույթի ժամամակ Ֆիլիպ Կիրկորովը չսեղմեց կոճակը, Սերգեյ Լազարևը դա արեց նրա փոխարեն․ ի վերջո՝ կոնֆլիկտն անխուսափելի էր։ Կրքերին ուշադրությամբ հետևում էր հայ հանդիսատեսը, պատկերացրեք՝ ինչպիսի հույզերով էին այս ամենին հետևում Էլենի ընտանիքի անդամներն ու հարազատները։
«Բոլորն էին շատ էմոցիոնալ հետևում իմ մասնակցությանը նախագծին, բայց, իհարկե, հատկապես հարազատներս, տատիկս, պապիկս, մեծ հուզմունքով էին դիտում նախագիծը։ Ինքս էլ, անկեղծ ասած, եթերը դիտելիս արտասվել եմ՝ վերհիշելով այդ ամենը»,-խոստովանում է 18-ամյա հայուհին։
Հեռուստադիտողի ուշադրությունից, իհարկե, չեն վրիպել նաև Էլենի կրտսեր քրոջ արցունքները երգչուհու ելույթների ընթացքում։ «Իրականում ես և քույրս շատ ենք վիճում, բայց, իհարկե, փորձում եմ իր հետ լեզու գտնել»,-ծիծաղում է նա ու շարունակում,-«Նա մի փոքր բարդ դեռահաս է։ Բայց հիմա նաև ավելի շատ համատեղ հետաքրքրություններ ենք գտնում։ Ինքն ամեն անգամ շատ էմոցիոնալ է տանում իմ ելույթները, շատ է անհանգստանում»։
Էլեն Բադալյանը շատ վաղ տարիքից է մասնակցում հեռուստաշոուների ու մրցույթների։ Նա հասցրել է լինել «Голос.Дети», «Детская Новая Волна», «Фактор.BY» նախագծերի բեմերում։ Վաղ տարիքից էլ զգացել է ինչպես հաջողության, այնպես էլ հիասթափության համը։ Էլենը պատմում է, թե ինչ հույսերով ու ոգևորությամբ էր «Голос.Дети» նախագծում հաջողությունից հետո վերադարձել դպրոց, որտեղ, սակայն, ոչ դասարանցիները, ոչ էլ ուսուցիչները չշտապեցին կիսել 11-ամյա աղջկա ուրախությունը։
«Այո, ցավոք, այդպես եղավ։ Ես մտածում էի, որ դա իմ դպրոցի համար մեծ հպարտություն կլինի, քանի որ ոչ բոլորն են մասնակցում նման մասշտաբային նախագծերի, իսկ ես այդ ժամանակ 11 տարեկան էի։ Շատ դժվար էր, որովհետև ես գիտեի, որ բոլորը միմյանց հետ կիսվում էին իմ ելույթով, գիտեի, որ տեսել էին․․․ Մեկ շաբաթ անց միայն ասացին, որ դիտել են ելույթս, բայց ոչ համադասարանցիներս, ոչ ուսուցիչներս չմոտեցան ու չասացին՝ ինչ լավ էր, որ այդպիսի ելույթ ունեցար այդ շոուին»։
Հիմա Էլենը հասկանում է՝ ուրախության ու տխրության պահերին ես գտնում իրական ընկերներիդ։
«Այս հաղթանակից հետո հասկացա՝ ով է իմ ընկերը, ով՝ ոչ։ Շատերն ինձանից երես թեքեցին՝ մտածելով, որ շատ եմ փոխվել։ Չգիտեմ՝ ինչու։ Ինքս ոմանց հարցրի՝ ինչո՞ւ է այնպես դասավորվել, որ հիմա չենք շփվում, իսկ պատասխանն այսպիսին էր՝ կարծում էինք, որ դու մեծամտացած կլինես։ Գիտե՞ք, տխուր և ուրախ պահերին կարող ես հասկանալ՝ ով է քեզ հետ այդ ամենը կիսում։ Ովքեր մնում են կողքիդ, ուրեմն նրանք են քո իսկական ընկերները»։
Էլենը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, սակայն վարժ խոսում է հայերեն ու կապված է հայրենիքին ոչ միայն լեզվով, այլև մեծ սիրով։ Այստեղ է անցկացրել իր ամառային արձակուրդները։ Երգչուհին ասում է՝ Հայոց լեզվի ու ավանդույթների պահպանման համար պարտական է իր ծնողներին։ Նրանց է վերագրում նաև այն փաստը, որ երբեք չի մեծամտանում․
«Ծնողներս միշտ կողքիս են և կարող են ժամանակին ներքև իջեցնել, եթե մի օր վեր-վեր թռչեմ»,-ասում է նա,-«Առհասարակ, իմ հաղթանակներն իմ ընտանիքի հաղթանակներն են նաև, քանի որ ես միայնակ չէի կարող հասնել այդ ամենին»։
Հաղթանակն ու ճանաչումն, իհարկե, ունենում են նաև այլ կողմեր՝ բամբասանքներ, որոնց նպատակն է արժեզրկել հաջողությունը։ Այդպես, օրինակ, շատերը սկսեցին խոսել, թե իբր Էլենը հարուստ ընտանիքի երեխա է, որի հաղթանակի համար ծնողները վճարել են։
«Ես շատ ցավոտ տարա այդ խոսակցությունները, որովհետև ծնողներս շատ էին սրտնեղում այդպիսի բամբասանքներից։ Բայց ամենածիծաղելին այն էր, որ բոլորն ասում էին՝ ես օլիգարխի աղջիկ եմ։ Ես բոլորին ասում էի, որ սովորական ընտանիքից եմ։ Ոչ ոք չէր հավատում, իսկ հիմա կատակում եմ, որ ավելի լավ է ասել, որ ես միլիարդատիրոջ աղջիկ եմ ու հայրս ժյուրիի բոլոր 100 անդամներին գումար է տվել, որպեսզի ես հաղթեմ»,-ծիծաղում է նա։
Այժմ Էլենն է նույն նախագծի ժյուրիի աթոռին։ Նա այն հարյուր «էքսպերտներից» է, որոնց ձայնից է կախված մասնակիցների ճակատագիրը։ Այդ ամենի միջով անցած լինելով՝ երգչուհին հասկանում է յուրաքանչյուրի հույզերն ու փորձում է հնարավորինս աջակցել մասնակիցներին։
«Երբ ինձ հրավիրեցին նախագիծ, ես կարծեցի, թե այս անգամ ավելի հեշտ կլինի, քանի որ ես էլ մասնակից չեմ, բայց չեք պատկերացնում՝ որքան դժվար է ինձ համար, քանի որ ամեն մասնակցի հետ վերապրում եմ իր էմոցիաները։ Ես փորձում եմ բոլորին աջակցել, որովհետև գիտեմ, որ այդ նախագծին մասնակցում են, իսկապես, տաղանդավոր մարդիկ, ոչ ոք պատահական չի կարող հայտնվել այստեղ։ Եթե ես մասնակցած չլինեի, ինձ համար այդքան դժվար չէր լինի, իսկ այս դեպքում շատ լավ հասկանում եմ իրենց»։
«Ну-ка, все вместе!»-ն կարևոր դռներ բացեց Էլենի համար ու դարձավ ոչ միայն հաղթանակի, այլև լուրջ ծանոթությունների սկիզբ։ Իսկ Սերգեյ Լազարևը մինչ օրս շարունակում է աջակցել հայուհուն ամեն անգամ նրան հանդիպելիս։
«Սերգեյ Լազարևը մեծատառով մարդ է։ Հիմա էլ ինձ տեսնելիս այնքան լավ է ընդունում, որ տպավորություն է, թե ընտանիքում եմ։ Իհարկե, շատ կցանկանայի նրա հետ նաև երաժշտական համագործակցություն ունենալ»,-ասում է նա,-«Հաղթանակից հետո կյանքումս շատ բան է փոխվել։ Կարծում եմ՝ միայն ես չեմ փոխվել։ Ինձ շատ հայտնիներ էին գրում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ու դա ինձ համար շատ կարևոր պարգև է, և ամենակարևորն այն է, որ մարդիկ իմ մասին լսեցին, ու ես արդեն կարող եմ գրել նոր երգեր, որոնց շատերը կսպասեն ու կլսեն»։
Մրցութային ուղին, գուցե, Էլենի համար դեռևս ամբողջովին ավարտված չէ։ Դեռ կան հեղինակավոր մրցույթներ, որոնց բեմերին հայուհին, միգուցե, բազմիցս հնչեցնի Հայաստանի անունը։ Դրանցից է, օրինակ, «Եվրատեսիլը»։
««Եվրատեսիլը» շատ դժվար նախագիծ է՝ բոլոր առումներով, բայց, իհարկե, ցանկացած արտիստի համար սա բարձր նշաձող է, և եթե ես ունենայի նման հնարավորություն, իհարկե, կմասնակցեի այդ մրցույթին, ու ինձ համար շատ կարևոր է, որ հենց Հայաստանի անունից մասնակցեմ։ Բայց մասնակցելու դեպքում շատ մեծ աշխատանք պետք է տանեմ, որ ամեն ինչ կատարյալ լինի՝ երգից մինչև բեմադրություն»։
Բացի երգելուց Էլենը նաև իր առաջին քայլերն է անում՝ որպես դերասանուհի։ Վերջերս երգչուհին նկարահանվել է Տատյանա Կուրտուկովայի, Անտոն Լավրենտևի և NЮ-ի տեսահոլովակում, որն արդեն հասանելի է համացանցում։ Խոսելով երազանքների մասին՝ Էլենը շեշտում է՝ երազում է կարիերա կառուցել ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում։
«Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, հասկանում եմ, որ շատ կցանկանայի աշխատել հայ հանդիսատեսի համար»,-հավելում է նա։
Էլենը պատասխանել է նաև NEWS.am STYLE-ի բլից հարցերին․ ինչի՞ վրա է ծախսել «Ну-ка, все вместе!» նախագծում շահած գումարը, որո՞նք են բնավորության ամենահայկական գծերը, արդյոք սիրտն ազա՞տ է։ Այս ամենը՝ տեսանյութում։