«Մայր Հայաստան» շարժման որոշմամբ ձևավորվել է «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։ «Փաստոինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվեց նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված համագումարի ժամանակ։
Շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ կուսակցություն ստեղծելու գաղափարը երկար քննարկումների արդյունք է․ «Մենք կուսակցությունը ստեղծել ենք ոչ թե վերևից, այլ ներքևից։ Ամենօրյա աշխատանքի միջոցով, շփվելով հանրության, ժողովրդի հետ։ Կուսակցությունը մեզ համար նպատակ չէ, այն սահմանադրական մեխանիզմ է Հայաստանի ապագային միտված նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Եթե ցանկանում ես իրականացնել փոփոխություններ, պետք է առնվազն մասնակցել իշխանությանը կամ գալ իշխանության», – ասաց Դանիելյանը։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի նորանկախ շրջանում քաղաքացին օտարվել է պետությունից և մնացել միայնակ սեփական խնդիրների առաջ։ «Ձևավորվել է ոչ թե արդար, այլ գիշատիչ համակարգ։ Թոշակառու լինելը Հայաստանում դարձել է դատավճիռ։ Իսկ իշխանության մեջ հայտնվածները վերացնում են անկախության նվաճումները։ Մեզանից խլվել են մայիսի 9-ը, բանակի օրը», – նշեց Թևանյանը։