Կամավորների ցուցակում նրա անունն առաջինն էր. Միհրանն ամուսնացած չէր, ընկերուհի ուներ


Կամավորների ցուցակում նրա անունն առաջինն էր. Միհրանն ամուսնացած չէր, ընկերուհի ուներ
Սեպտեմբեր 25 17:56 2022

Թալինի համայնքապետարանում սգո անկյուն է բացվել. լուսանկարից ժպտացող երիտասարդը Միհրան Ասատրյանն է՝ Թալինի համայնքի ղեկավարի խորհրդականը:

«Մարդու մասին ինչքան դրական հատկանիշ կա, բոլորն ուներ Միհրանը. անմիջական, աշխատասեր, հայրենասեր, պարտաճանաչ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ավետիք Ավետիսյանը: Թալինի համայնքապետարանում Միհրանը 1 տարուց էլ պակաս է աշխատել, բայց հասցրել է աշխատակիցների հուշերում մնալ որպես նախաձեռնող, համայնքի բնակավայրերի խնդիրները բարձրացնող ու դրանց լուծումներ առաջարկող անձնավորություն:

 
 

Միհրան Ասատրյանը ծնվել է Թալին խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում: Նրա համագյուղացին՝ Հովհաննես Ասատրյանն է պատմում, որ ճակատագրի բերումով Միհրանը մասնակցեց վերջին տարիների Արցախյան բոլոր պատերազմներին:

«2014-2017 թվականներին ծառայելով Հադրութում՝ Միհրանը մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել 120 մմ-անոց ականանետի դասակի հրամանատար, դրսևորել իրեն որպես քաջարի մարտիկ»,- ասում է Հովհաննես Ասատրյանն ու ավելացնում. «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, նա չսպասեց, որ ծանուցագիր ուղարկեն, կամավոր մեկնեց ռազմաճակատ, կռվեց հայտնի «Եղնիկներ» կոչվող զորամասի զինվորների կողքին: Եղավ մի ժամանակ, որ 10-15 օր Միհրանի մասին ոչ մի տեղեկություն չունեինք, բոլորս սպասում էինք… ճիշտն ասած, վատ լուրի, բայց, փառք Աստծո, վերջապես կապ հաստատեց հարազատների հետ: Շրջափակման մեջ էին եղել, չէր կարողացել հաղորդակցվել»:

 

Համագյուղացու պատմելով՝ այդ ժամանակ Միհրանը մի քանի օրով արձակուրդ էր վերցրել ու Թալին վերադարձել: Հետո նորից մեկնեց կռիվ, բայց այս անգամ պաշտպանական շրջանն արդեն Շուշին էր:

«Վերջին օրերին Շուշիում էր կռվում, նոյեմբերի 9-ի զինադադարից հետո տուն վերադարձավ, ու առաջին գործը, որ ստանձնեց, Արցախից տեղահանված ընտանիքներին օգնելն էր: Երիտասարդների մի խումբ, Միհրանն էլ նրանց հետ, Երևանում՝ Մերգելյան ինստիտուտի մոտ, հավաքատեղի էին ստեղծել ու բացօթյա օգնություն էին հավաքում՝ սկսած գրքից, ամեն ինչ, տեղահանված ընտանիքներին էին ուղարկում»,- ասում է Հովհաննես Ասատրյանը:

Երիտասարդների խմբին Միհրանը միացել էր ավելի ուշ, երբ պատերազմից էր վերադարձել: Հետո անցավ աշխատանքի: Միհրանն ավարտել էր Հայաստանի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը:

 

«Սեպտեմբերի 13-ին, երբ դարձյալ պատերազմ պայթեց հայ-ադրբեջանական սահմանին, Միհրանն առաջիններից էր, որ կամավորագրվեց եւ մեկնեց սահման»,- ավելացնում է Միհրանի համագյուղացին:

 

Համայնքապետարանի աշխատակիցներն էլ հայտնեցին, որ այդ օրը Թալինի բնակավայրերի 25 երիտասարդներով, նրանց թվում նաև համայնքի ղեկավարը, առավոտյան շուտ դուրս էին եկել դեպի Կապան: Բայց Միհրանի վարած մեքենան սահման չհասավ: Ականատեսների պատմելով՝ Եղեգնաձորի մոտ մեքենան շուռ էր եկել ու մոտ 50 մ բարձրությունից գլորվել ձորակը: Ծանր վնասվածքներ ստացած Միհրանին առաջին բուժօգնությունը ցուցաբերել էին Եղեգնաձորի հիվանդանոցում, այնուհետ ուղղաթիռով տեղափոխել Երևան, որտեղ վիրահատել էին, բայց նրա կյանքը փրկել չէր հաջողվել: Մեքենայում գտնվող ուղևորները թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել: Հետո պատմել էին, որ իրենց մեքենայի ճանապարհը շունն էր կտրել: Միհրանը փորձել էր շրջանցել, բայց չէր հաջողվել:

 

Թալինի համայնքապետարանում հայտնեցին, որ Միհրանի կազմած կամավորների ցուցակում նրա անունն առաջինն էր:

 

«Միհրանը մարդու այն տեսակն էր, որ եթե պատերազմ է, ապա իրեն հրավիրել, ասել պետք չէ: Նրա համար երկրի պաշտպանությունն առաջնային էր: Ինքը իմ երեխաների ընկերն է եղել, նրա հայրը՝ Կաթնաղբյուրի դպրոցի տնօրենը՝ իմ ընկերը,-ասում է Հովհաննես Ասատրյանն ու ավելացնում։- Հերոս տղա էր, մեր շարքերում հանդիպող շատ քիչ մարդկանցից»։

Թալինի համայնքապետարանում էլ նա ամենաշատ աշխատանքներ կատարած մարդկանցից էր, անընդհատ պրպտում էր, աշխատում, գյուղեր գնում, գյուղացիների խնդիրները լսում: Վստահ էր, որ իրենց քաղաքական թիմին կհաջողվի լավը դարձնել Թալինը, շենացնել, բնակիչների հոգսերը թեթևացնել։

Միհրանն ընդամենը 28 տարեկան էր, ամուսնացած չէր, ընկերուհի ուներ:



loading...