ՊՇՌ թեստերի գնային քաղաքականությամբ նախարարությունը չի զբաղվում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քովիդ ՊՇՌ թեստերի արժեքներին։ ՀՀ-ում կրառվող թեստերի ինքնարժեքն ավելի ցածր է, սակայն քաղաքացիները մի քանի անգամ ավելի են վճարում թեստավորման համար։
«Ինչ որ նվազումներ եղան, հետո բարձրացում եղավ։ Դրանով զբաղվում է Տնտեսական մրցակցության հաձնաժողովը, դիտարկում է և հետևություններ կանի»։
Հարցին, արդյոք կոռուպցիոն ռիսկեր չկան, քանի որ թեստերի ինքնարժեքն ավելի ցածր է, նախարարը նշել է, որ խոսքը միայն թեստերի առաջնակի նյութերի ձեռքբերման մասին չէ։
«Դա սարքերի անընդհատ թարմացումն է, աշխատուժն է, կարծում եմ, ինքնարժեքը պետք է ներառի այս բոլոր բաղադրիչները և ի վերջո մենք նաև որակական ցուցանիշներ պետք է ունենանք։ Կան ցածրարժեք թետսեր, կան միջին, բավական որակյալ թեստեր։ Մեր խնդիրն է, որ ապահովենք նման թետերով հետազոտությունները»։
Նախարարը նշեց, որ մոնիթորինգ իրականացնում են, սակայն գինը նախարարության գործառույթների մեջ չի մտնում։
«Մենք պետք է հասկանանք, որ ունենք որոշակի թողունակություն, որ պետք է ապահովենք, և որևէ կերպ քանակական ավելացումների հաշվին որակի նվազում չպիտի թույլ տանք։ Նախարարությունը զգոն է լինելու։ Այս պահին էլ մոնիթորինգ ենք իրականացնում այն լաբորատորիաներում, որոնք թեստավորում են անում։ Լաբորատորիան պետք է այնքան թետսավորում իրականացնի, որի թե մասնագիտական, թե սարքավորումների ներուժը կունենա»։
Ավանեսյանը չմանրամասնեց նաև պատվաստումների հետևանքով մահերի թվային տեղեկությունները՝ հավելելով, որ որոշակի աշխատանքներ են իրականացնում, ամփոփում են ու տվյալները կներկայացնեն առաջիկայում՝ թե պատվաստվածների շրջանում հիվանդության դեպքերն ինչպիսինն են և որոշակի ժամկետում կհրապարակեն Քովիդից մահվան դեպքերի թե սեռատարիքային կազմը, թե պատվաստված լինելու հետևանքով մահվան մասին դեպքերը։ Անդրադառնալով հղիների շրջանում քովիդից մահվան դեպքերին, նախարարը նշեց.
«Պատվաստման ցուցանիշը հղիների շրջանում ցածր է։ Շատ անձինք, մասնագետ էլ չեմ ուզում ասել, մեծ դեր խաղացին՝ վախեցնելու և ապատեղեկատվություն տարածելով, զերծ պահելու նաև մեր հղիներին պատվաստումից»։
Այս պահին, հոսպիտալացման սպասում է մոտ 200 քաղաքացի։ Ավանեսյանը հայտարարեց նաև , որ այս պահին երկրում որևէ պատվաստանյութի պակասություն չկա։ Անդրադառնալով տրամադրվող QR կոդերին, նախարարը նշեց, որ արդեն իսկ ավարտվել է ԵՄ-ի հետ փոխճանաչման գործընթացը և նախարարության հավելվածի QR կոդերը ճանաչելի են նաև ԵՄ երկրների կողմից։