Պարտությունը լինում է, երբ լավ չես կառավարում, վատ ես սպառազինված․ Անդրանիկ Քոչարյան


Պարտությունը լինում է, երբ լավ չես կառավարում, վատ ես սպառազինված․ Անդրանիկ Քոչարյան
Սեպտեմբեր 22 21:20 2021

«Անպայման կտեսնեք։ Հստակ կանոնակարգված է՝ քննիչ հանձնաժողովը ոնց է ձևավորվում։ «Երբ»-ի հարցի պատասխանը անպայման, շատ կարճ ժամանակում տեսնելու եք»,- ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու խորհրդարանի ձևավորումից մեկ ամիս անց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը չի ստեղծվել։

Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովի ստեղծման հետ կապված «տարբեր պատկերացումներ» կան։

 
 

«Դրա լեգիտիմության հետ կապված էլ պատկերացումներ կան, որովհետև շատ-շատերը կուզեն քննիչ հանձնաժողովում տեսնել քաղաքական «բոլոլայի» միջավայր, իսկ գոնե մեր հանձնաժողովը, ապրիլյան պատերազմի հետ կապված, այնպիսի աշխատանք կազմակերպեց, որտեղ որևէ քաղաքական քննարկում տեղի չունեցավ»,- պնդեց նա։

 

Ապագայում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովի  հարցերին պատասխանելու համար, Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ, հրավիրվելու են շատերը, նաև Նիկոլ Փաշինյանը։

«Անպայման։ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել իր պատրաստակամությունը, Աղաջանյան Էդուարդն ինքն է առաջարկել, որովհետև հարցեր կան, որտեղ պետք է մենք անպայման մի քիչ հետ գնանք, որպեսզի հասկանանք՝ էս պարտությունը որտեղի՞ց եկավ։ Պարտությունը լինում է, երբ լավ չես կառավարում, վատ ես սպառազինված, չես հասցրել բանակը պատրաստել այն մարտական գործողություններին, որին պատրաստվել է հակառակորդը»,- նշեց Քոչարյանը։



loading...