Եռակողմ հայտարարության կետերի հաջորդականությունը՝ պատահականությո՞ւն, թե՞ գործողությունների շղթա. ով է ներքին տեղահանվածը, և ինչի դիմաց է նրանց վերադարձը


Եռակողմ հայտարարության կետերի հաջորդականությունը՝ պատահականությո՞ւն, թե՞ գործողությունների շղթա. ով է ներքին տեղահանվածը, և ինչի դիմաց է նրանց վերադարձը
Հուլիս 31 00:12 2021

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում նշվում է.

«Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:

(Внутренне перемещенные лица и беженцы возвращаются на территорию Нагорного Карабаха и прилегающие районы под контролем Управления Верховного Комиссара ООН по делам беженцев.)

 

Ո՞վ է ներքին տեղահանվածը 

Անձինք կամ անձանց խմբեր, որոնք հարկադրված կամ պարտավորված փախել կամ լքել են իրենց տները, սովորական բնակության վայրերը, մասնավորապես` զինված հակամարտության, բռնության համատարած դրսևորումների, մարդու իրավունքների խախտումների, տարերային, մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման:

(Внутренне перемещённые лица– лица, вынужденные внезапно бежать из своих домов в больших количествах в результате вооружённого конфликта, внутренней розни, систематических нарушений прав человека либо стихийных бедствий и находящиеся на территории собственной страны.)

 Ո՞վ է փախստականը

Անձ, որը ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է. սակայն երկյուղ ունի, ու չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից:

(Беженцем является любое лицо, которое в силу вполне обоснованных опасений стать жертвой преследований по признаку расы, вероисповедания, гражданства, принадлежности к определенной социальной группе или политических убеждений находится вне страны своей гражданской принадлежности и не может пользоваться защитой этой страны или не желает пользоваться такой защитой вследствие таких опасений.)

Եռակողմ հայտարարության կետերի հաջորդականությունը՝ պատահականությո՞ւն, թե՞ գործողությունների շղթա

Ի դեպ, եռակողմ հայտարարության վերը նշված 7-րդ կետից հետո է միայն խոսվում ապաշրջափակման մասին՝ 9-րդ կետում:

-Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե իբր «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 1920 թվականին` 101 տարի առաջ», հետո հավելել.

«Ես ասել եմ, որ կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Սա նշանակում է` ինչո՞ւ ոչ: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այս ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Իրիվան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»:

168.am-ի հետ զրույցում ծնունդով Իջևանից պահեստազորի մայոր, գործարար Վահագն Շուշանյանը նշել էր.

«Մեր արևմուտքում Թուրքիան է, հիմա մենք խոսում ենք սահմանները բացելուց, իսկ իրենց գերնպատակը «Մեծ Թուրանի» ծրագիրն է: Եվ այս պահին Թուրքիայի, Արևմուտքի և մեծ խաղացողների շահերը համընկնում են: Այսինքն, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին ձեռք է տալիս սա. Վրաստանից սկսած, Իրանի հյուսիսային հատվածը (որտեղ էլի ադրբեջանցիներ են բնակվում), Կասպից ծովով մինչև Չինաստան՝ ույղուրներ, թուրքալեզու են: Այսինքն, մեծ պետություն է սարքում, որը հակակշիռ է առաջին հերթին ՌԴ-ին՝ հյուսիսում, արևելքում՝ Չինաստանին, հարավում՝ Իրանին: Այլ կերպ՝ ՆԱՏՕ-ի բանակի ներկայությունն է լինելու, և փորձելու են այդ երեք պետությանն իրենց ազդեցության տակ պահել՝ հետագայում հնարավոր առաջխաղացման նպատակով՝ Թաթարստան, Բաշկիրիա:

Կրկնում եմ՝ Թուրքիայի հետ վերը նշված մեծ խաղացողների շահերը համընկնում են, իսկ Հայաստանն այնքան փոքր է: Թուրքիային, Ադրբեջանին պետք չի, որ Երևանը ուժով գրավեն, կանեն այնպես, ինչպես Վրաստանում, որտեղ թուրք-ադրբեջանական կապիտալով հսկայական շենքեր են կառուցվում, և իրենց բիզնեսմեններին ստիպում են ապրել այդ շենքերում, բնակեցնեն: Նույն բանը Հայաստանում է կատարվելու: Սահմանները բացելուց հետո գալու են և շենքեր են կառուցելու, ապրելու, ընտանիքներին են բերելու, շատ երեխաներ են ունենալու, հետո թե՝ բա մեր հավատքը, մի հատ մզկիթ չսարքե՞նք, հետո դպրոց, դրոշը մի տեղ տեղադրել և այլն: Այս ձևով գալու են և կամաց-կամաց գրավելու են Երևանը, Հայաստանը, և Երևանը դառնալու է կիսամահմեդական քաղաք: Այսօր ասում են՝ 100 տարի առաջ ուրիշ էր, թուրքն այսօր քաղաքակիրթ է: Ոչ մի բան ուրիշ չի, Թուրքիայի պլանները չեն փոխվել: Շարունակելով վերևում արտահայտված միտքը, ասեմ՝ ՌԴ-ի հետ պետք է դաշնակցային հարաբերությունները ամրապնդել»:

Ի դեպ, մոտ 2 շաբաթ առաջ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը խաղարկելու ակտիվ փորձեր արեց՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց, անգամ՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Զանգեզուրի դիմաց:

Ադրբեջանական կայքերից մեկը գրել էր, թե «Ադրբեջանը իր սցենարն է առաջարկում իրավիճակի հետագա զարգացման, այն է՝ Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է և պետք է մնա իր բնակության վայրում, բայց որպես Ադրբեջանի քաղաքացիներ»:

Սա գալիս է հաստատելու, որ եռակողմ հայտարարության կետերի հաջորդականությունը, բնավ, պատահականություն չէ, հստակ գծված քայլերի ծրագիր է: Եվ, որ ցանկացած պատեհ առիթի դեպքում Բաքուն կարող է Արցախի Հանրապետության քաղաքացիներին, որոնք վերջին պատերազմի հետևանքով լքել են իրենց բնակության վայրերը, հռչակի ներքին տեղահանված և ՄԱԿ-ի հովանու ներքո վերադարձ առաջարկի, երկրորդ՝ ադրբեջանցիների համար, որոնք նախքան առաջին պատերազմը ապրել են Արցախի տարածքում, նույն անվան տակ պահանջի վերադարձ ապահովել:

Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները համաձայնելու են սրան, ըստ էության, ստորագրությամբ արդեն համաձայնել են, որովհետև ինչպես Նիկոլ Փաշինյանն է գտնում՝ «թշնամանքը պետք է կառավարվի, չի կարելի թույլ տալ, որ այն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին և դրա հետ կապված համաձայնագրային «անցքերին», դրանց մեկ այլ տեսանկյունից կանդրադառնանք հաջորդ հոդվածով: