«Նոյեմբերի 16-ին մեկնարկելու է ՔՊ-ի իշխանազրկման մի նոր ալիք»․ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացվել է Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողով (Տեսանյութ)


«Նոյեմբերի 16-ին մեկնարկելու է ՔՊ-ի իշխանազրկման մի նոր ալիք»․ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացվել է Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողով (Տեսանյութ)
Հոկտեմբեր 11 23:04 2025

Հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում պաշտոնապես հաստատվել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը։ Այն գլխավորում է Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը։ 

Նշենք, որ Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու 2025 թվականի նոյեմբերի 16-ին։

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանն ու «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը, որը հանդիսանում է նաև կուսակցության լիազոր ներկայացուցիչը Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովում, թիմակիցների ուղեկցությամբ Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողով են ներկայացրել «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի կողմից հաստատված նախընտրական ցուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը։

«Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի վստահեցմամբ, ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն ունենան խաղաղ ընթացք և բոլոր նրանք, ովքեր փոքր-ինչ բորբոքվել են, ունեն տարբեր վեճեր, այդ ամենը մարեն։ Խաչիկ Մանուկյանի համոզմամբ՝ «Հայրենիք» կուսակցությունն արդեն հաղթել է իր կենսագրությամբ, երիտասարդական ավյունով, գիտնականների խմբով ու ստեծագործական աշխատանքով։

«Հայրենիք» կուսակցության գերագույն մարմնի անդամ Սոս Հակոբյանի խոսքով, սրանով սկիզբ է դրվում Վաղարշապատում նոյեմբերի 16-ին «Հայրենիք» կուսակցության թիմի հաղթանակին․ «Հայրենիք» կուսակցությունը ոչ թե պարզապես մասնակցում է ընտրության, այլ հստակ գնահատված հնարավորություններով գնում է իշխանափոխության։ Սոս Հակոբյանի համոզմամբ՝ նոյեմբերի 16-ից հետո Վաղարշապատ համայնքը կունենա ոչ ՔՊ-ական, այլ «Հայրենիք» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքի ղեկավար։