Եղբորս տղան մահացել է, քրոջս տղան մահացել է, ազգականիս թոռը մահացել է, մեկը՝ Շուշիում, մյուսը՝ Մարտունում, մյուսն էլ՝ Հադրութում, իսկ Փաշինյանը մեր Արցախը վաճառել է: Այս մասին այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ասաց Արցախի Մարտունու շրջանի քաղաքացիներից մեկը:
«Մեր նպատակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, որ մեր հողերն էլ չծախի, ինքն էլ երևի չի հասկանում, թե ինչ է անում, ինքն իր համար նստած օրենքներ է հնարում»,-ասաց նա:
Արցախցիներից մեկն էլ նշեց, որ այստեղ բոլորը հավաքվել են Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Չի տալիս, ճակատը պինդ է, կպել է աթոռին ու չի ուզում պոկվել: Տղաս զոհվել է, թոռս էլ վիրավորվել է, մինչ հիմա չի կարողանում բուժում ստանալ: Մեր Շեխեր գյուղն էլ արդեն թուրքերի ձեռքն է: Թուրքը մեր դռան դիմաց նկարվել, նկարը տարածել է. դարպասներս՝ բաց, ինքն էլ դիմացը կանգնած: Դա բռնակալ է, պիտի հրաժարական տա»:
Նշենք, որ այսօրվանից վերսկսվելու են անհնազանդության ակցիաները քաղաքի տարբեր հատվածներում։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցներն այժմ ուղևորվում են 4 ուղղություններով՝ Մաշտոց-Ամիրյան, Բաղրամյան-Մոսկովյան, Աբովյան-Սայաթ Նովա և Մաշտոց-Իսահակյան խաչմերուկ՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ։










