Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ 168.am-ը շրջել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։
Ի՞նչ ակնկալիքներ ունեիք գործող իշխանություններից, արդարացվե՞լ են ձեր սպասումները։
«Բայց ո՞վ է գոհ, որ ես գոհ լինեմ, իհարկե դժգոհ եմ։ Ավելի լավ է դուք ասեք՝ ինչի՞ համար գոհ լինեմ, մնացած ամեն ինչի համար դժգոհ ենք, ոչ մի բանի համար գոհ չենք։ Առաջինը՝ այս պատերազմական վիճակը, գերիների հարցը, մնացած ամեն ինչ, ոչ մի գոհ լինելու պատճառ չեմ տեսնում, օր օրի ավելի է վատանում, ու վախենում ենք մտածենք հետագայի մասին՝ այս իշխանության հետ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Շատ վատ է երկրի դրությունը, շատ-շատ վատ է, մի կարգին ղեկավար դնեն։ Ճիշտ է՝ Փաշինյանը լավ է, բայց շատ թույլ է․ թույլ է, մի կարգին ղեկավար դնեն, այս ժողովուրդը մեղք է, մի քիչ կյանքը լավ լինի»,- ասաց մեծահասակ մի կին։
«Շատ վատն են գործող իշխանությունները, որովհետև ժողովրդի մասին մտածող չկա, ամեն մեկն իր աթոռի մասին է մտածում, ուրիշ ոչ մի բան»,- ասաց քաղաքացիներից մյուսը։
Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ ինքը շատ գոհ է ներկա իշխանություններից, իսկ թե ի՞նչն է գոհունակության առիթը, ասաց․
«Մասնավորապես, ինչ որ հիմա կատարվում է Ազգային ժողովում, գոհ եմ»։
Տարեց մի կին էլ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ինչ-որ մի բան կանի։ Հարցին, թե, օրինակ, ի՞նչ, քաղաքացին պատասխանեց․
«Ես իրեն հավատում եմ, չգիտեմ, ես իր կողմից եմ»։
Եղավ նաև այսպիսի պատասխան․
«Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, եթե մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, դա արդեն ամեն ինչ խոսում է»։
Թոշակառու մի կին էլ տեսախցիկի առաջ անկեղծացավ՝ ասելով, որ նախկինում պաշտել է Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա՝ ոչ․
«Սխալ բաներ է անում, շատ սխալ բաներ է անում, դե, չեմ ուզում ասեմ, որ հանձնել է, նոր գաղտնի փաստաթուղթ է երևան գալիս, ուղղակի մեր սոցիալական վիճակից դժգոհում եմ, շատ եմ դժգոհում։ Կրկնում եմ՝ ես շատ գոհ էի, շա՛տ, բայց հիմա՝ ոչ, հիմա դժգոհ եմ, շա՛տ դժգոհ եմ»։
Մանրամասներըէ սկզնաղբյուր կայքում:










