Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց դառնալ «հայոց Մանդելա». BBC-ի անդրադարձը Փաշինյանի դեմ բարձրացած դժգոհության ալիքին


Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց դառնալ «հայոց Մանդելա». BBC-ի անդրադարձը Փաշինյանի դեմ բարձրացած դժգոհության ալիքին
Դեկտեմբեր 3 01:00 2020

Արցախյան պատերազմի ավարտի և հողերի հանձնման մասին հայտարարությունը, որն արվել է նոյեմբերի 9-ին, ազգային ցասման բռնկում է առաջացրել Երևանում: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և նրա վարկանիշի անկման մասին փորձագետների ու դիվանագետների կարծիքները:

«Դա հնարավոր չէր պատկերացնել ամռանը: Հուլիսին անցկացված երկու սոցհարցումների համաձայն՝ Փաշինյանի աջակցության վարկանիշը 85 տոկոս էր կազմում: Սակայն պատերազմի ավարտից երեք օր անց անցկացված սոցհարցման տվյալներով՝ աջակցության մակարդակը նվազել էր 30 տոկոսից»,- նկատում է պարբերականը:

Աղբյուրը շեշտում է, որ 2018-ին զանգվածային բողոքի ցույցերի միջոցով գալով իշխանության՝ Փաշինյանը խոստացել էր «Նոր Հայաստան» կառուցել՝ առանց կոռուպցիայի և աղքատության, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում՝ հրաժարվել միակողմանի փոխզիջումներից: Երկու տարի անց, սակայն, նա Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղի զգալի մասը և հարակից  7 շրջանները՝ փոխարենը ոչինչ չստանալով և 44-օրյա պատերազմում կորցնելով ավելի քան 2000 զինվոր:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ իշխանության գալուց կարճ ժամանակ անց ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդավարության համար պայքարին իրեն ոգեշնչել է Նելսոն Մանդելան, որի ճակատագրի, գաղափարների և կյանքի մասին հիշել էր բանտում եղած ժամանակ:

«Ինչպես ՀԱՀ-ի նախկին նախագահը, Փաշինյանը քաղբանտարկյալից հասել էր ազգային առաջնորդի դիրքին: Սակայն եթե Մանդելան իշխանության գալուց հետո զբաղվել է սևամորթների և սպիտակամորթների հաշտեցմամբ և իր նախորդին նշանակել էր փոխնախագահի պաշտոնում, ապա Փաշինյանը սկսեց քրեական գործեր հարուցել իր երկու նախորդ ղեկավարների, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ»,- գրում է պարբերականը՝ մեջբերելով միջազգային փորձագետներին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին՝ հեղինակը նշում է, որ Փաշինյանը փորձում էր փոխել բանակցությունների ձևաչափը, սակայն ապարդյուն: Թեև նա անձնական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ, դրանց բովանդակությունը մինչ օրս էլ ամբողջությամբ հայտնի չէ:

«Փաշինյանի և Ալիևի միջև վերջին հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում 2020-ի փետրվարին վիճաբանության է վերածվել, թե ում ժողովուրդն է ավելի հին, այն էլ ոչ այնքան վստահ անգլերենով»,- նկատում է հեղինակը՝ հավելելով, որ այդ համաժողովում Փաշինյանի արած հայտարարությունները հավանության չէին արժանացել Մոսկվայում:

«Դա դիվանագիտական քայլ չէր: Նման հայտարարություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ի՞նչ բանակցությունների մասին կարող էր խոսք լինել»,- BBC-ի հետ զրույցում ասել է ռուս դիվանագետներից մեկը:

Պարբերականը նշում է, որ եթե «միջազգային ասպարեզում Հայաստանը դուրս չի եկել ռուսական ուղեծրից, ապա երկրի ներսում Փաշինյանի գործողությունները վրդովմունք են առաջացրել Ռուսաստանում»:

Այս առումով հեղինակն առանձնացնում է վրդովմունքի պատճառ դարձած երկու դեպք՝ գեներալ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչը, և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: