Մեր նպատակն է բացել «SALI»-ի ցանց ամբողջ աշխարհում․ հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի պատմությունը (լուսանկարներ)


Մեր նպատակն է բացել «SALI»-ի ցանց ամբողջ աշխարհում․ հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի պատմությունը (լուսանկարներ)
Դեկտեմբեր 14 07:36 2016

«Made in Armenia» նախագծի հյուրն է հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի՝ «SALI» ընկերության տնօրեն Սասուն Իգնատյանը:

Ընկերությունը հիմնադրվել է 1991թ. Սասուն Իգնատյանի հոր՝ Բեգլար Իգնատյանի կողմից, ով մեզ հետ զրույցում մի փոքր պատմեց «SALI»-ի ստեղծման մասին:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուղղակի մնացինք առանց աշխատանքի, որովհետև այն հիմնարկությունները, որտեղ աշխատում էինք, պարզապես փակվեցին: Ունենալով ինժեների մասնագիտության զգալի փորձ և գիտելիքներ՝ փորձեցի աշխատանքի մի ուղղություն ընտրել: Ընտրեցի կոշիկի արտադրության ճանապարհը: Անընդհատ ուսումնասիրել եմ ոլորտը, բավականին դժվարությունների միջով ենք անցել մինչև հասել ենք այս օրվան: Սա դինամիկ զարգացող պրոցես է, որում կարելի է օգտագործել գաղափարներդ, գիտելիքներդ, փորձդ»,-նշեց Բեգլար Իգնատյանը:

 

 

Ներկայացնում ենք ընկերության տնօրեն Սասուն Իգնատյանի հետ մեր ունեցած զրույցը:

-Պարոն Իգնատյան, ինչպե՞ս է ստեղծվել «SALI» -ին, ի՞նչ նախապատմություն ունի ընկերության անվան ընտրությունը:

-Ընկերությունը 1991թ. հիմնադրել է հայրս՝ իր ձեռքով կոշիկի առաջին զույգը կարելով, ոլորտն ուսումնասիրելով: Երեք ամիս անց արդեն 10 աշխատող է ունեցել: Բավականին բարդ ճանապարհ ենք անցել, ամենադժվար տարներին էլ շարունակել ենք աշխատել : Մեր արտադրանքը մշտապես արտահանվել է: Աշխարհում չկա մի խոշոր ընկերություն, որը զբաղվում է և՛ արտահանմամբ, և՛ վաճառքով: Արտադրելն ու վաճառելը բավականին դժվար ու իրարից շատ տարբեր բաներ են: Մեր արտադրանքը նաև վերավաճառվել է մշտապես: Հետագայում՝ արդեն 2008-2009թթ. –ին, արտահանումը մեծացավ, որոշեցինք, որ կարող ենք այստեղ զբաղվել նաև վաճառքով: Ընտրեցինքը կոնցեպտը, գույնը, բավականին երկար աշխատեցինք, որպեսզի հետագայում համաշխարհային շուկա դուրս գալուց խնդիրներ չառաջանան: Հիմնականում աշխատում ենք ֆրանչայզինգի տարբերակով և բավականին լավ պայմաններ ենք առաջարկում այդ առումով մեր գործընկերներին:

 

-Քանի՞ երկիր է արտահանվում ընկերության արտադրանքը:

-Հիմա հիմնականում արտադրանքը վաճառվում է ՌԴ-ում: Այնտեղ գործում է խանութ: Ունենք նաև առաքում ամբողջ աշխարհում, բայց դա մեծաքանակ չի կատարվում: Դրանից բացի մանսակցում ենք Մոսկվայում անցկացվող կոշիկի ցուցահանդեսներին, որոնց միջոցով այս կես տարվա ընթացքում տարբեր հաճախորդներ ենք ձեռք բերել: Ռուսաստանի մոտ 20 քաղաքներում կատարվում է մեր կոշիկների վաճառքը:

 

-Լինելով տեղական արտադրող՝ ի՞նչ դժվարություններ կառանձնացնեք, որոնց բախվում եք և հետքրքիր է նաև՝ հե՞շտ է այսօր մրցակցել միջազգային բրենդների հետ:

-Հայաստանի ամենամեծ խնդիրը հումքի բացակայությունն է: Օրինակ՝ մենք ունենք կրունկ արտադրող, բայց մեր հաճախորդների պահանջը բարձր է, չենք կարող դրանով փորձել կոշիկ արտադրել: Ստիպված ներմուծում ենք դա: Նույնկերպ կա կաշվի արտադրություն, բայց դրանով կոշիկ կարելու դեպքում, մեկ շաբաթից այդ կոշիկը խնդիրներ կունենա: Այսինքն մեր հաճախորդները համեմատում են մեր արտադրանքը դրսի ընկերությունների արտադրանքի հետ, և մենք ստիպված ներմուծում ենք ամենը, որպեսզի համապաստանենք մեր հաճախորդների պատկերացումներին ու պահանջներին: Ներմուծումը հիմնականում կատարվում է Իտալիայից, ներմուծվում են ամենաբարձր որակի՝ առաջին սորտի կաշիներ: Նշեմ, որ ունենք նոր տեսականիների մեծ բազա, որոնք նորաձև են լինելու գալիք տարում: Նորաձև են լինելու հիմնականում օձի կաշին, վիլյուրը: Դրսի ընկերությունները արտադրություն չունեն, դրանց արտադրանքը հիմնականում Չինաստանից է գալիս: Չինաստանն ունի մեծ ներուժ՝ ամենավերջին նորաձև ատրիբուդները, դա է պատճառը, որ նրանք կարող են հաջորդ տարիների համար արտադրել կոշիկներ: Դրսի ընկերությունները, պահելով օրինակի համար 10 աշխատող, ընտրում են տեսականին, հասցնում այն Հայաստան և սկսում վաճառքը: Այդ առումով՝ նրանց աշխատանքը, միանշանակ, ավելի հեշտ է, քանի որ նրանք կենտրոնացած են միայն վաճառքի վրա: Իսկ մեր դեպքում, երբ արտադրանքն ու վաճառքը համատեղվում է, պրոցեսը բավականին բարդ է: Էկոնոմիկայի նախարարությունը բավականին մեծ ջանքեր է գործադրում , որպեսի Հայաստանում լինի հումքի արտադրություն, բայց, բնականաբար, դա մեծ խնդիր է:

 

-Այս 25 տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր ընկերության արտադրանքի մեջ և որո՞նք են այն սկզբունքները, որոնց անդավաճան եք մնացել:

-Մեր ամենառաջին խնդիրը որակյալ ապրանք արտադրելն է: Երկրորդը խնդիրը այդ ապրանքի նորաձև լինելն է: Մենք աշխատում ենք նոր տեխնոլոգիաներով, կիրառում ենք նորարարություններ: Բավականին նոր տեխնոլոգիաներ ենք ներմուծել: Դրանցից մեկը մի սարքավորում է, որից Հայաստանում քիչ կա: Հայտնի է, որ ցանկացած կաշվի մեջ կան մկաններ, որոնց պատճառով կոշիկը կարող է մեկ տարի հետո փոքրանալ: Դա նրանից է, որ կաշվի մկանները ձգվում են: Այդ սարքի միջով անցնելուց հետո կաշին չի կծկվում: Մեր կոշիկները հիմնականում կարելի է մի քանի սեզոն հանգնել, քանի որ դրանց ոչինչ չի լինում:

 

-Կա՞ ընկերություն, որի հետ մրցակցում եք, կամ հավասար եք համարում:

-Մեզ մոտ աշխատող վարպետները, կարող եմ ասել, որ լավագույններից են, բայց այդ նույն վարպետներից աշխատում են նաև այլ տեղերում: Այստեղ տեխնոլոգիաների, հումքի, մոդելների հարց կա: Կարևոր է, թե նույն այդ վարպետը ինչ մոդել կստեղծի, կարևոր է նաև մարկետինգը:

 

-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

-Մեր նպատակները մեծ են, բայց միշտ չէ, որ նպատակն ու ցանկությունը համընկնում են: Հատկապես 2014թ. սկսած ճգնաժամը բավականին մեծ վնաս հասցրեց Հայաստանի կոշիկի արտադրանքին: Մենք այս տարում փորձեցինք մեր գործընկերների հետ խանութ բացել ՌԴ-ում, և կուրսի տատանման հետ կապված բավականին տուժեցինք: Հզոր հարված եղավ, որը մեր ծրագրերը կանգնեցրել է, բայց գլոբալ առումով գտնում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք փորձենք Հայաստանի արտադրության անունը բարձրացնել: Մեր նպատակների մեջ է մտնում նորանոր խանութների բացումը ֆրանչայզինգով: Մեր նպատակն է բացել «SALI» -ի ցանց ամբողջ աշխարհում, ստեղծել նոր աշխատատեղեր:

 

-Ներկայացված կոշիկները նոր տեսականուց են, ե՞րբ են դրանք վաճառքի հանվելու:

- Փետրվարի վերջից: Մենք նախատեսում ենք մինչև փետրվարի կես ավարտել բոլոր մշակումները գարուն-ամառ տեսականու: Նշեմ, որ առաջին անգամ Հայաստանում լինելու է կոշիկի ցուցահանդես-վաճառք:

 

 

 

-Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը, ինչի՞ վրա եք ծախսել այն:

-«SALI»-ում իմ վաստակած առաջին գումարը եղել է 13 տարեկանում: Այդ ժամանակ ես էի պատրաստում ընկերության կոշիկների տակացուները: Հիշում եմ՝ 1997-1998 թթ.-երն էին: Վաստակել եմ 70.000 դրամ ու մայրիկիս համար հեռախոս եմ գնել:

 

-Ո՞րն է եղել ամենակարևոր ու հիշարժան խորհուրդը, որ փոխանցել է Ձեզ Ձեր հայրը:

-Լինել ազնիվ: Լինել ազնիվ հաճախորդների հետ և արտադրել որակյալ ապրանք՝ բարձր պահել «SALI»-ի անունը:

Տաթև Այվազյան

Կարինա Սահակյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի