ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն այսօր՝ հունիսի 26–ի առավոտյան Սահմանադրական դատարանում էին:
Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը.
«Այսօր արդեն թղթային տարբերակը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի. «Եկեք ոչ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ոչ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ուշ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Իմ քայլը» խմբակցության ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ էր հավաքել պատգամավորների 1/5–ի ստորագրությունները, «Լուսավոր Հայաստանը» չմիացավ ԲՀԿ-ին, եւ այսպիսով 26 պատգամավոր դիմեց Սահմանադրական դատարան։ Պատգամավորների 1/5-ի պահանջը պահպանվել է, թե ոչ, հակասող մեկնաբանություններ եղան տարբեր կողմերից։ Իշխանական կողմը պնդում է, որ 27 ստորագրություն է անհրաժեշտ, ըստ ԲՀԿ-ի՝ 26 ստորագրությունը բավարար է, քանի որ Ազգային ժողովում կա 132 պատգամավոր եւ նրանց 1/5-ը 26,4-ն է։