Պարզ է, որ այս ամենն ինձ դուր չի գալիս, ես խաղաղության, համերաշխության կողմնակից եմ։ Պետք է սեր մտնի մեր բոլորի մեջ, որպեսզի կարողանանք դիմակայել այս բոլոր դժվարություններին. Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց կոմպոզիտոր Արա Գևորգյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին։
«Ես կուզենայի` բոլորս սիրեինք իրար, Աստված տվել է պատվիրան՝ սիրեք իրար, և ես էլ եմ նույն պատվիրանին ուզում` բոլորս ենթարկվենք, սիրենք իրար, հանդուրժենք իրար... ո՞վ սխալ չի գործում, ես սխալ չե՞մ գործում, բոլորս գործում ենք այդ սխալը։ Եկեք իրար նկատմամբ լինենք հանդուրժող, կառուցենք այս երկիրն իրար հետ»,-հորդորեց կոմպոզիտորը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Արա Գևորգանը հիշեցրեց՝ 2000-ամյա եկեղեցին ունի իր օրենքները, որոնք այսօր չեն ստեղծվել և պետք է հարգել դրանք։
«Իմ պապը եղել է եկեղեցու խորհրդի անդամ, տատիկս երգել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ես մեծացել եմ եկեղեցում, մնացած ներսի հարցերը եկեղեցու գործն է, իմ գործը չէ։ Ես հավատում եմ Աստծուն և եկեղեցուն, չեմ ուզում մտնել մի տեղ, որտեղ կարգ ու կանոն փոխելու իրավունք չունեմ, ի վերջո, եկեղեցին է գիր ու գրականությունը, երաժշտությունը մեզ փոխանցել, և ես չեմ ցանկանա՝ որևէ մեկը մեր եկեղեցու դեմ դուրս գա։ Առանց այդ էլ մեր եկեղեցին դրսից քանդողները շատ շատ են: Չմոռանանք, որ Մաշտոցն ու Եկմալյանը, Կոմիտասը, Նարեկացին և շատ հայ մեծեր մեր եկեղեցում են ստեղծել ու մեզ փոխանցել ամբողջ մշակույթը։ Ես կուզենայի, որ 2000 տարվա եկեղեցին հարգվեր բոլոր առումներով»,-ասաց նա։
Կոմպոզիտորը նշեց, եթե անձը հանցանք է գործել՝ լինի եկեղեցական, թե շարքային քաղաքացի, և եթե ապացույցներ կան դրա համար, անկախ ամեն ինչից, նրան իրավական պատիժ է հասնում, իսկ եթե եկեղեցականը խախտել է Աստծո պատվիրանները, ապա նրա դատաստանն առավել խիստ է լինելու Աստծո կողմից։
«Աստծո դատաստանը եկեղեցականի վրա հարյուրպատիկ ավելի խիստ է լինելու, քան սովորական մեր նման մահկանացուների գործած մեղքերը, այսինքն՝ մենք հիմա ինչո՞ւ ենք դատում, Աստված կդատի, եթե մեղք են գործել»,- ասաց նա։ Գևորգյանը խնդրանք ուղղեց. «Խնդրանք՝ բոլորին. եթե մեր ընտանիքի ներսում կա խնդիր, այն էլ՝ բարոյական, մենք բակում բոլորին դրա մասին չենք պատմում չէ՞»։