Օրերս «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոստացավ ընտրվելու դեպքում վարչական առնվազն երկու շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներից։
Նա ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ երևանցիներին առաջարկեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թեկնածուներ առաջարկել ու վստահեցրեց, որ առաջարկվող լավագույն թեկնածուները անպայման աշխատանք կստանան Երևանի քաղաքապետարանում:
Այս օրերին Փաշինյանի առաջարկին արձագանքել են մի շարք օգտատերեր և տեսանյութի մեկնաբանություններում ներկայացրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ապագա պաշտոնի համար իրենց թեկնածուների անունները:
Նրանց թվում են «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Ալեն Սիմոնյանը, ում անունն, ի դեպ, ամենից շատ է հանդիպում մեկնաբանություններում:
Մեկնաբանություններում տեղ են գտել նաև «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, գրող, ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի, ՀՀ ժողովրդական արտիստներ Հասմիկ Պապյանի, Միքայել Պողոսյանի անունները, ով ՀՀԿ-ի ցուցակով Երևանի ավագանու թեկնածու է: Կան նաև հումորային մեկնաբանություններ, օրինակ որպես թեկնածու նշվում է նաև Դռիկ Խչոյի անունը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ից և տևելու է մինչև մայիսի 12-ը ներառյալ, մայիսի 13-ը լռության օր է:
Ընտրություններին մասնակցում են 3 քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւ ՀՀԿ-ն: Ըստ ներկայացված ուժերի համամասնական ցուցակների առաջին համարների՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանը: