16 տարվա ընթացքում չի եղել մի օր, որ որևէ մեկը խփի մեր դուռը ու նեղություն տա. «Agobian Jewelry»-ի պատմությունը (լուսանկարներ)


16 տարվա ընթացքում չի եղել մի օր, որ որևէ մեկը խփի մեր դուռը ու նեղություն տա. «Agobian Jewelry»-ի պատմությունը (լուսանկարներ)
Դեկտեմբեր 13 03:20 2016

«Made in Armenia» նախագծի հյուրն է «Agobian Jewelry» ընկերության տնօրեն Սիմոն Կաֆալյանը, ով ծնունդով Լիբանանից է, Հայաստանում մշտական բնակություն է հաստատել 1998թ.-ից:

 

-Պարոն Կաֆալյան, ինչպե՞ս ծնվեց Ձեր կազմակերպության ստեղծման գաղափարը, քանի՞ տարի է այն գործում:

-Գաղափարը պատկանում է ընկերության հիմնադրին՝ Հովիկ Հակոբյանին, ով բնակվում է Թայլանդում: Նա այնտեղ ունի երկու գործարան և մեծ թվով աշխատակիցներ: Աշխատանքի տեսանկյունից Թայլանդը մեծ առավելություններ ունի: Հովիկ Հակոբյանը ծնունդով Հալեպից է, ոսկերչական արհեստը ժառանգել է հորից: Նա Թայլանդում լուրջ ծրագրեր ունի իրականացրած: 2000թ.-ին արդեն որոշել է Հայաստանում հիմնել գործարան: Նրա մեջ շատ մեծ հայրենասիրություն և ազգասիրություն կա, դա է պատճառը, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մինչ օրս այստեղ պահում է գործարանը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր աշխատակիցները բացառիկ են, ընտրվել են իրենց փորձառության համար: Այստեղ մենք աշխատում ենք ընտանիքի պես: Մեր բոլոր ժողովների ժամանակ քննարկվում է այն, որ յուրաքանչյուրիս սխալը, բոլորինս է ու Made in Armenia-ի սխալն է:

 

-Այս 16 տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել արտադրության մեջ և որո՞նք են այն սկզբունքները, որոնց անդավաճան եք մնացել:

-Մեր ամենակարևոր սկզբունքը վստահությունն է: Եթե դա չեղավ, գործը չի հաջողվի: Կարևորը իրար հանդեպ համակրանքն է, հարգանքը և գործին լուրջ վերաբերվելը: Կարևոր է հասկանալ, որ եթե հաջողում ենք, հաջողում ենք բոլորս: Մեր ուժը դա է: Ոզում եմ նշել նաև, որ այս 16 տարիների ընթացքում չի եղել մեկ օր, որ որևէ մեկը մեր դուռը խփի և որևէ նեղություն տա: Շատ վիրավորվում եմ, երբ լսում եմ, որ այստեղից գնացած հայերը խոսում են այդ մասին: Զարմանում եմ:

 

-Բազմաթիվ բիզնեսմեններ բարձրաձայնում են, որ յուրաքանչյուր դաշտում մենաշնորհ կա: Որպես բիզնես ոլորտի ներկայացուցիչ՝ ի՞նչ սպասելիքներ ունեք նոր կառավարությունից, վարչապետից: Զգո՞ւմ եք տարբերություններ նախորդ ու ներկայիս կառավարությունների միջև:

-2017թ. մարտ-ապրիլ ամիսներին վարչապետը պետք է մեկնի Շարմ Էլ Շեյխ՝ տեղի բիզնեսմենների հետ հանդիպման: Էկոնոմիկայի նախարարությունից ունենք հրավեր-առաջարկ՝ ներկա գտնվելու: Վարչապետը ուզում է գործարարներին ճանապարհ բացել: Սա ամենապարզ բաներից մեկն է, ինչը շատ ողջունելի է:

 

-Ինչպե՞ս է տեղի ունենում նոր մոդելի ստեղծման աշխատանքները, ի՞նչ պրոցես է այն իրենից ներկայացնում:

-Զարդերի հումքը գալիս Թայլանդից, պատրատվում է Հայաստանում, հետ է ուղարկվում Թայլանդ: Թայլանդից արդեն մեր մոդելները ներկայացվում են աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: Նոր մոդելի ստեղծման աշխատանքները տեղի են ունենում երկու տարբերակով՝ կամ ընկերության սեփականատերը պատվերը վերցնում է, ուղարկում այստեղ, կամ երբ ես ազատ եմ լինում, մեր մոդելավորողների հետ փորձում ենք ստանալ նոր մոդել: Մեր մոդելները Հայաստանում չեն վաճառվում:

 

-Ցանկություն չկա՞ հայկական շուկայում ևս ներկայացնել ձեր արտադրանքը:

-Նման ցանկություն կա: Մոտ ժամանակներս մեր ընկերության հիմնադիրը կժամանի Հայաստան և այդ հարցի շուրջ կփորձենք հասկանալ մեր հետագա քայլերը:

 

-Որո՞նք են Ձեր զարդերի առանձնահատկությունները, ինչո՞վ են դրանք առանձնանում :

Մեր զարդերի առանձնահատկությունը կապված է գամվածքի յուրօրինակության հետ: Դա մեր հիմնադրի միտքն է, որն իրականացվում է միայն Հայաստանի գործարանում: Ֆլեշ սեթերի միջոցով զարդերի յուրաքանչյուր կողմ տարբեր գույն ունի:

 

Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

Իմ հիմնական նպատակը Հայաստանում մնալն է: Ես եկել եմ այստեղ հաստատվելու, եկել եմ, երեխեքիս բերել եմ, որ Եռաբլուրում թաղվեն՝ եթե պետք եղավ: Մենք ազգ ենք՝ կա՛մ գոյատևում ենք, կա՛մ ոչ: Եթե ես կարողանամ թեկուզ մեկ հայ երիտասարդի բարձր մակարդակի արհեստ սովորեցնել, դա արդեն իմ հաղթանակը կլինի: Աշխատատեղ ստեղծելը ամենակարևոր նպատակներից մեկն է:

 

-Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը, որքա՞ն է կազմել այն:

-Երբ ես սկսեցի արհեստ սովորել, Լիբանանի քաղաքացիական պատերազմն արդեն սկսված էր: 14 տարեկան էի, փողոցից ռումբերի ձայներ էին լսվում, մայրս ասաց՝ չե՞ս լսում ռումբի ձայնը, ձեռքս բռնեց ու ներս քաշեց: Դռան առջև ռումբ ընկավ, հայրս աչքիս առաջ մահացավ: Ու իմ կյանքը փոխվեց արդեն: Զենք վերցրի պաշտպանության համար: Ստիպված արհեստ սկսեցի սովորել, մի քանի տարուց տան մեջ փոքրիկ սեղան էի դրել ու աշխատում էի: Հիշում եմ Հրանտ անունով վաճառական կար, նա էր գնում գործերս: Շատ բծախնդիր մարդ էր, մանրակրկիտ նայում էր բոլոր գործերս ու դա ինձ օգնում էր, որ ես ավելի լավ աշխատեմ: Դրա շնորհիվ ես ավելի ուժեղացա: