Վերջին օրերին եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանին միացած Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հայտարարել է, թե վարչապետը պատրաստ է հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին։
Նա ասել էր, թե վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել:
«Վարչապետը պատրաստ է Վեհափառին հանդիպել, քննարկել նրա հանգստի և եկեղեցական բազում հարցեր»,- երեկ լրագրողների հետ զրույցում կրկին ասել էր նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք՝ եթե հանդիպման առաջարկ լինի՝ Վեհափառ Հայրապետը պատրա՞ստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
«Այս պահին նման առաջարկ կամ նման հրավեր չկա, մնացածն՝ առանց մեկնաբանության»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսային։
Դեռ ուրբաթ օրվանից փորձում ենք վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից ճշտել՝ իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է Վեհափառ Հայրապետին հանդիպել։
Մեր հեռախոսազանգերն ու նամակները, սակայն, անպատասխան էին մնացել։
Այսօր ևս փորձեցինք դիմել Փաշինյանի խոսնակին, նա ասաց, թե ավելի ուշ կարձագանքի, իսկ ավելի ուշ բոլոր նամակներն ու հեռախոսազանգերը կրկին մնացին անպատասխան։










