Այսօր՝ ապրիլի 1-ին, Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ շքանշանի ասպետ Հարություն Բադալյանի ծննդյան օրն է, նա դառնում է 21 տարեկան:
Մեկ տարի առաջ՝ իր ծննդյան օրը, Հարությունը բարձրանում է մարտական դիրքեր։ Ադրբեջանական կողմն անցնում է սադրիչ գործողությունների և տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվում է սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մելքոնյանը։ Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից Հարությունը առաջադրանք է ստանում՝ «ոչնչացնել հակառակորդի դիմացի դիրքը»։
Հարությունը 36 արկ կրակելուց հետո ոչնչացնում է հակառակորդի դիրքը։ Ադրբեջանական կողմը տալիս է 2 զոհ և 7-ից ավելի վիրավոր։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 03։00-ի սահմաններում ադրբեջանական կողմն ականանետերով արկակոծության է ենթարկում հայկական դիրքերը։ Հարությունը նկատում է, որ թշնամին կենդանի ուժի կուտակումներ է իրականացնում և 05։00-ի սահմաններում գնում է այդ մասին զեկուցելու։
Հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատին հաջողվում է ներխուժել հայկական դիրք, սակայն հայ զինվորներն արագ անցնում են շրջանաձև պաշտպանության և անմիջական մարտի բռնվում հակառակորդի զինվորների հետ հրաձիգներով ու նռնակներով։
Թեժ մարտերի ընթացքում Հարությունի ուղղությամբ նռնակ է նետվում, որի հետևանքով Հարությունը ոտքի վիրավորում է ստանում։ Հարությունը նկատում է, որ հակառակորդի երկու զինծառայողներ մոտենում են իրենց կացարանին։
Չնայած Հարությունը վիրավորված էր, բայց դա նրան չի խանգարում վազել կացարանի ուղղությամբ։ Հասնելով կացարանին՝ Հարությունը 2 մետր հեռավորությունից ոչնչացնում է հակառակորդի զինծառայողին, որից հետո մյուս զինծառայողը փախուստի է դիմում։ Հարությունը հետապնդում է նրան և 10 մետր հեռավորության վրա ոչնչացնում։
Հակառակորդը դիմում է խորամանկ քայլի և նախապես պլանավորված նահանջ է սկսում ուժերը վերակազմավորելու և հայ զինվորներին անակնկալի բերելով նոր հարձակում սկսելու համար։
Հարությունը վայր է դնում իր զենքը, վերցնում նռնակները և նահանջող թշնամու հետևից 3-4 նռնակ է նետում։ Նռնակների պայթյունից վիրավորում է ստանում «Յաշմա» հատուկ ջոկատի հրամանատարը։ Իրենց հրամանատարի վիրավորումից հետո հակառակորդի հատուկջոկատայինների պլանավորված նահանջը վերածվում է խուճապահար փախուստի։
Հարությունը վերցնում է իր ոչնչացրած հակառակորդի զինծառայողներից մեկի զենքը և վազում խուճապահար փախչող թշնամու հետևից, բայց քանի որ նա վիրավորում էր ստացել երկար վազել չէր կարող։
Շուտով վիրավոր ոտքի ցավն ավելի է սաստկանում և Հարությունն ընկնում է գետնին, սակայն չմտածելով սեփական առողջության մասին՝ պառկած դիրք է ընդունում և հակառակորդի զինատեսակից կրակ բացում փախչող հակառակորդի ուղղությամբ։
Հակառակորդը, հայկական դիրքում թողնելով երկու սպանված դիակ և իրենց վիրավոր հրամանատարին, որը շուտով մահանում է, հեռանում է։
Արկակոծությունն ավելի ինտենսիվ է դառնում և հակառակորդն անցնում է ավելի լայնածավալ հարձակման արդեն արցախա-ադրբեջանական գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով իր զինապահեստում եղած գրեթե բոլոր զինատեսակները։
Հարությունին ինտենսիվ արկակածության տակ տեղափոխում են սկզբում Մադաղիս, այնուհետև Մարտակերտ, որտեղից էլ տեղափոխում են Ստեփանակերտ և նույն օրը վիրահատում։
Հարությունը բուժում է ստանու ընթացքում կամավոր ցանկություն է հայտնում տեղափոխվել Թալիշ և շարունակել ծառայությունը։ Մեկ ամիս ծառայությունը դիրքերում շարունակելուց հետո՝ 2016թ․ հունիսի 22-ին Հարությունը զորացրվում է։
Այսօր արդեն Հարությունը շարունակում է իր ուսումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
«Մեկ տարի առաջ՝ այս ժամանակ, դեռ ծառայության մեջ էի, արդեն 90 օր էր մնացել զորացվրելուս: Մտածում էի, թե քաղաքացիական կյանքում ոնց եմ կյանքս դասավորելու, ինչ պետք է անեմ, ծառայության ժամանակ մինչև դեպքերը, ճիշտն ասած, քիչ բանի չէի հասել ընդհանուր առմամբ,և գոհ էի իմ դիրքերի ծառայությունից: Արդեն մեկ տարի է անցել դեպքերից, հիմա իմ նպատակաը էլի չի փոխվել, մինչև դեպքերը էլի մտածում էի հայրենիքի համար, բայց ավելի շատ մտածում էի իմ սեփական նպատակների մասին, հիմա մտածում եմ ավելի շատ հայրենիքի նպատակների մասին:Նպատակս այն է, որ ազգը դառնա միասնական այնպես, ինչպես արիլին ես եմ տեսել: Եթե մի տեսել ես, դա արդեն երազանք չի կարող լինել, այլ նպատակ, որին հավատարիմ մնալը դժվար է, որովհետև նպատակին հասնելու համար շատ ու շատ դժվար խոչընդոտներ են առաջանում, որոնք մոռացնում են նպատակի մասին, մտածում միայն խոչընդոտների մասին ու նպատակդ այդպես էլ չի իրականանում: Ամենակարևորն հիմա ինձ համար ազգի ազգի միասնությունն է, քանի որ մեր ազգը ունի շատ կարևոր հատկանիշներ, ուժեղ կողմեր: Սերունդ կա, որ արդեն երկու պատերազմ է տեսել, սերունդ կա՝ մեկ, իսկ պատերազմից, ըստ իս, ավելի հասունանում, ավելի խելացի ես դառնում ու աշխարհայացքդ ավելի է մեծանում: Այդ ամենը մեզ կօգնի միայն այն դեպքում, երբ դառնանք միասնական, մեր ուժը հիմա դրա մեջ է»,-Armday.am-ի հետ զրույցում նշում է Հարությունը:
Ապրիլը նրա կյանքից շատ բաներ է տարել, ամենակարևորը՝ ընկերների մահն է, հենց ապրիլի 1-ին Հարությունի ընկերը զոհվել է դիպուկահարի կրակոցից:
«Ամենակարևոր դասը, որ թողեց ապրիլը, դա այն է, որ չպետք է մոռանանք զոհված ընկերներին, պետք է պայքարենք, թշնամին միշտ կա: Անգամ ծառայությունից հետո միշտ պետք է ծառայես հայրենիքին, քանի դեռ դու այստեղ ապրում ես, քանի դեռ այստեղի հողն ու ջուրն ես վայելում, դու պետք է միշտ ծառայես ի օգուտ հայրենքիի»:
Հարությունը ծառայունից առաջ երբևէ չի մտածել, որ կարող է թշնամի սպանել, բայց երբ արդեն պահը եկել է, նրանց կանգնեցնելը դժվար է եղել. «Այդ պահին չեմ հասցրել ինչ-որ բան զգալ, հակառակորդներըշատ էին: Արդեն երկրորդին խփելուց, երրորդին գռանատով վիրավորեցի, սկսվեցին նրանց ցավի գոռոցները, այդ ժամանակ կարծես ուզում էի շարունակել ավելի ու ավելի շատ ու դրա համար հետևներից ընկա, բայց դե ես էլ էի վիավոր: Երբ դուրս էի գալիս, մենակ մի բան եմ հասցրել մտածել, որ կմահանամ…. մենակ այդ մի բանը, ես գիտեի որ արդեն շանս չունեմ, ինչքան կարող եմ հակառակորդին վնաս պիտի պատաճռեմ, բայց ստացվեց այնպես, որ, ինչպես դիրքերում էինք ասում, սաղ մնացինք»:
Հիմա Հարությունը կարոտում է դիրքերը, ուզում է էլի բարձրանալ, ստուգել դրանք, իսկ պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսելիս էլ՝ նշում. «Իհարկե, Աստված չանի, նորից պատերազմ լինի, բայց եթե լինի պետք է նորից գնանք՝ այս անգամ մինչև վերջ»: