Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտ 9000 մարդ ստանում է քաղցկեղի ախտորոշում, որոնցից շուրջ հարյուրը երեխաներ են, նշում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ԱՄՆ իր այցի շրջանակում մասնակցեց Վաշինգտոնում Մեդունի եւ City of Smile կազմակերպությունների միջոցառմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ելույթ ունենալով քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը նվիրված ձեռնարկին՝ տիկին Հակոբյանը, ով Հայաստանում գլխավորում է «Իմ քայլը» եւ «City of Smile» բարեգործական հիմնադրամները, ընդգծեց, որ յուրաքանչյուրի պարտավորությունն է կանգնել քաղցկեղով հիվանդ հայրենակցի կողքին, եւ հենց դրանում է Վաշինգտոնում կազմակերպված այս միջոցառման հիմնական նպատակը: Քաղցկեղը զուտ հիվանդություն է եւ ոչ ճակատագիր, որի դեմ անհրաժեշտ է պայքարել, նշել է Աննա Հակոբյանը:
Մեդունի կազմակերպության նախագահ Վահագն Մարտիրոսյանն իր հերթին հույս է հայտնում, որ նման մեկնարկը հնարավորություն կստեղծի ընդլայնել այս ոլորտի նախաձեռնությունները եւ ծրագրերը:
«Միջոցառումը կազմակերպվել է մեր եւ City of Smile համագործակցությամբ, որը սկիզբ է շատ ավելի մեծ նպատակների ու ծրագրերի, որոնք նախատեսում ենք ապագայում»,- նշում է Մարտիրոսյանը:
City of Smile հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ընդգծում է մարդասիրական հիմնադրամների ու կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության կարեւորությունը այս հիվանդության դեմ պայքարում: Այն բուժումը հասանելի է դարձնում հասարակության ավելի լայն շերտերին: Գործադիր տնօրենն անդրադարձավ նաեւ մարտահրավերներին:
«Իհարկե հիմնական մարտահրավերներն են դեղորայքն ու բուժումը, սակայն բացի դրանից մենք հույս ունենք բարձրացնել ընդհանուր բուժման ծառայությունների որակն ու մակարդակը»,- ասում է գործադիր տնօրենը:
Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրներին անդրադարձավ նաեւ մանկական ուռուցքաբան Գեւրոգ Թաումյանը, ում կարծիքով խնդիրները բազմազան են՝ ընդգրկելով քաղծկեղի դեմ պայքարի բոլոր օղակները:
«Այսօր ուռուցքաբանության ոլորտում խնդիրներ ունենք սկսած իրազեկումից մինչեւ խնամք: Այսինք բոլոր շրջանակներում մենք ունենք խնդիրներ, ներառյալ կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ խնամքի»,- նշում է Գեւորգ Թաումյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ եւ ամերիկյան կազմակերպությունների ու անհատների լայն շրջանակներ: Բարձրաստիճան հյուրերի շարքում էր ԱՄՆ-ի արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտեյնը, ում դահլիճը ողջունեց ծափահարություններով:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող բանախոսներն անդրադարձան ձեռնարկի մարդասիրական եւ կարեւոր առաքելությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն ընդգծեց միջոցառման կարեւորությունը՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին եւ մասնակիցներին:
Միջոցառումը եզրափակվեց դրամահավաքով: Հավաքված ողջ հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
«Սա մի փոքր լումա է, բայց կարծում եմ կարեւոր մի քայլ, որ այն տոկոսը հիվանդների որ չի բուժվել, նվազի՝ հասնելով միջազգայնորեն ընդունված չափանիշների», – ասում է միջոցառման մասնակից Բագրատ Բայբուրթյանը:
Իր հերթին ZH Healthcare ընկերության հիմնադիր Շամիմ Համիդը պատրաստականություն հայտնեց իր ընկերության միջոցով շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել հիվանդ երեխաներին:
«Գիտեմ, որ Հայաստանում կան խնդիրներ բուժման եւ բժիշկների առումով: Մեր կազմակերպությունը կարող է օգնել տեխնոլոգիաների միջոցով մարդկանց առանց երկիրը լքելու կապ հաստատել արտասահմանի բժիշկների հետ եւ ապահովել բարձրորակ բժշկական օգնություն այս միջոցով»,- նշել է ընկերության հիմնադիրը:
Քաղցկեղի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ են շատ միջոցներ: Վահագ Մարտիրոսյանն առաջարկում է իր տեսլականը:
«Որպես հայ, անկախ բնակության վայրից, պետք է միավորվենք նման նախաձեռնությունների շուրջ: Դրա համար ունենք բոլոր պայմանները եւ կարող ենք հաջողության հասնել, եթե լինենք համախմբված»,- ասում է Մարտիրոսյանը: