Ալենի հետ մեր էներգիան միշտ բռնել է, ընդդիմության շարքերում էլ ունեմ ընկերներ. քաղաքականությունն իմ «խելքի բանը չէ». Սուպեր Սաքո


Ալենի հետ մեր էներգիան միշտ բռնել է, ընդդիմության շարքերում էլ ունեմ ընկերներ. քաղաքականությունն իմ «խելքի բանը չէ». Սուպեր Սաքո
Սեպտեմբեր 12 17:37 2025

Ես միշտ ուզեցել եմ Ազգային ժողովում ներկա գտնվել, ինձ համար շատ հետաքրքիր է եղել: Այսօր պարոն Սիմոնյանի հետ, որ խոսում էի, հրավիրեց, որ ես էլ նայեմ,  փորձառությունն ունենամ: Այս մասին Ազգային ժողովում, 24news.am-ի հետ զրույցում ասաց ռեփեր Սուպեր Սաքոն:

 

Նա, խոսելով իր քաղաքական հայացքների մասին, նշեց՝ «քաղաքականության մեջ չկա», բոլորին սիրում է: Հարցին՝ ընդդիմությա՞նն էլ է սիրում, պատասխանեց՝ «բոլորին սիրում եմ»: Նա հավելեց, որ նրանց շարքերում ևս ընկերներ ունի, շփվում է, բայց անուններ տալ չի կարող: Վերադառնալով կրկին իր և Ալեն Սիմոնյանի հարաբերություններին՝ նա ասաց.

«Ալենի հետ մեր էներգիան միշտ բռնել է, մոտիկություն ենք անում, լավ ընկերներ ենք»:

 

Լրագրողի հարցին՝ նա աջակցու՞մ է իշխանությանը, ասաց, որ ոչ, դա իր խելքի բանը չէ: Նա, լրագրողի հարցերին ի պատասխան, անդրադարձավ նաև պատերազմին և Արցախի կորստին:  

«Ես կուզեի կախարդական ուժ ունենայի, որ այդ ամենը հետ բերեի, այդքան զոհ չունենայինք: Պատերազմը սխալ բան է: Աշխարհին ցանկանում եմ խաղաղություն և երազում եմ, որ խաղաղություն լինի»:

«Միայն Արցախը չէ, երանի Հայաստանը ծովից ծով լիներ: Շատ ցավալի է, բայց ի՞նչ անենք, ես ի՞նչ անեմ: Մենք այդ ուժը չունենք», - նշեց երգիչը:

Նա հավելեց, որ ցանկանում է անկախ քաղաքական հարցերից, ընտրությունների արդյունքներից, ապագայում հայ ազգը լինի միասնական. աջակցեն միմյանց, չվիրավորեն, չթշնամանան: