ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում այսօր՝ ապրիլի 5-ի վաղ առավոտյան, Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում հնչած կրակոցների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ապօրինի զենք կրելու եւ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդը:
Կատարված քննչական, դատավարական եւ այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին: Վերջինս այս պահին բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: