Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ դիմումատուին տրամադրվել է անձնագիր


Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ դիմումատուին տրամադրվել է անձնագիր
Ապրիլ 5 11:12 2019

Արցախի Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի բնակիչը Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ նախկինում ինքը հաշվառված է եղել Երեւան քաղաքում, ունեցել է ԽՍՀՄ անձնագիր, որը կորցրել է: 2015թ.-ից իր ընտանիքի հետ բնակվում է Արցախի Հանրապետությունում եւ ժամանակավորապես հաշվառված է Մարտակերտ քաղաքում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուն նշել է, որ անձնագիր ստանալու նպատակով դիմել է համապատասխան անձնագրային ծառայություն, որտեղ իրեն տեղեկացրել են, որ անձնագիր ստանալու համար ինքը պետք է ներկայացնի անձը հաստատող որեւէ փաստաթուղթ: Անձը հաստատող արխիվային փաստաթղթեր ձեռք բերելու համար անձը դիմել է նաեւ Երեւան քաղաքի իր նախկին հաշվառման վայրի ՔԿԱԳ մարմին, սակայն իրեն որեւէ փաստաթուղթ չեն տրամադրել, նշելով, որ դրա համար անհրաժեշտ է Մարտակերտի շրջանային անձնագրային ծառայության գրավոր հարցումը: Մարտակերտի շրջանային անձնագրային ծառայությունն իր հերթին համապատասխան հարցումն ուղարկելու նպատակով պահանջել է ներկայացնել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ:

Պաշտպանի կողմից անձին քանիցս տրամադրվել է համապատասխան խորհրդատվություն, որի արդյունքում ԱՀ ու ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունների հետ Պաշտպանի աշխատակազմի համագործակցության շնորհիվ խնդիրը դրական լուծում է ստացել, եւ դիմումատուին տրամադրվել է անձնագիր: