Անդրանիկ Մանուկյանը որոշել է հրաժարվել Արման Բաբաջանյանի դեմ դատական հայցից


Անդրանիկ Մանուկյանը որոշել է հրաժարվել Արման Բաբաջանյանի դեմ դատական հայցից
Ապրիլ 3 16:47 2019

Նոր Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին ես իմ ելույթներից մեկում հանդես եկա նախկին իշխանությունների կողմից դեսպաններ նշանակելու ու այդ դեսպանների՝ արտերկրում ոչ համարժեք գործելու արատավոր պրակտիկային։ Իմ ելույթը վերաբերում էր արտաքին քաղաքականության կադրային բաղադրիչին և ուղղված չէր որևէ կոնկրետ դեսպանի դեմ։

Ես իմ ելույթում խնդիրը պատկերավոր դարձնելու համար ներկայացրել էի Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անվան հետ կապված պատմությունները, ինչի համար հիմք էին հանդիսացել առավելապես տարբեր տարիների մամուլի հրապարակումները։ Այդ ելույթից հետո Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր իմ դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ ես նշել էի, որ պատրաստ եմ իմ կողմից բարձրացված փաստերը ներկայացնել նաև դատարանում՝ ընդգծելով, սակայն, որ իմ ելույթն ուղղված չի եղել Անդրանիկ Մանուկյանի անձի դեմ։

Թերևս այդ պատճառով Անդրանիկ Մանուկյանը հրաժարվել է իմ դեմ դատական հայց ներկայացնելու մտադրությունից, ինչը ստեղծված իրավիճակում խելամիտ որոշում է՝ բազմաթիվ պատճառներով, սակայն առաջին հերթին այն պատճառով, որ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, և ես նույն գումարման Ազգային ժողովի պատգամավոր ենք և աշխատում ենք միասին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Ազգային ժողովի ամբիոնից հնչած իմ ելույթում ես խոսել եմ երևույթների, ոչ թե անձերի դեմ, իսկ Անդրանիկ Մանուկյանի անվան հիշատակումը ներկայացվել է ընդամենը որպես օրինակ։

Արման Բաբաջանյան