ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին եւ նոր Հայաստանի զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա նախաձեռնություններին։
Հակոբ Արշակյանը նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի կարեւորությունը, ընդգծել ապագայի ծրագրերի նկատմամբ ունեցած մեծ ակնկալիքներն ու արդյունավետ համագործակցության հեռանկարները։
Նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի զարգացմանն ուղղված քայլերին, կրթություն-գիտահետազոտական ոլորտ-արտադրություն փոխկապակցվածության արդյունքում տնտեսության առաջընթացին ուղղված ծրագրերին, ինժեներական ոլորտի զարգացմանը միտված էկոհամակարգի ստեղծման գործընթացին։
Քննարկվել են նաեւ Հայաստանի թվային օրակարգի ձեւավորման եւ մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ այդ գործընթացում ԵՄ ներգրավվածության հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը, մեկ անգամ եւս ընդգծելով ԵՄ հետ գործակցության ընդլայնման կարեւորությունը, նշել է, որ նոր իրավիճակում նոր հարաբերությունների զարգացման ճանապարհներ են բացվել, եւ հայկական կողմը պատրաստ է բազմակողմ եւ ընդլայնված համագործակցության։