Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ ապրիլի 2-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսիին:
Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երեւանը կարեւորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երեւանի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները եւ հույս հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ամերիկյան կողմն իր մասնակցությունը կունենա:
«Համոզված եմ, որ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջեւ համագործակցությունը կշարունակվի, Երեւանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է աջակցելու դեսպանությանը», - ասել է Հայկ Մարությանը։
Իր հերթին Միացյալ Նահանգների դեսպանը կարեւորել է ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցությունը՝ նշելով, որ դեսպանությունն իր կողմից հնարավորինս կնպաստի այդ համագործակցության խորացմանը:
«Միացյալ Նահանգները շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում: Ուրախ եմ, որ առիթ ունեցա քաղաքապետարանում հանդիպելու Ձեզ եւ վերահաստատելու Երեւանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության մեր պատրաստակամությունը», - նշել է դեսպան Թրեյսին: