Աջակցում ենք Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. Միացյալ Թագավորության դեսպանը՝ Ավինյանին


Աջակցում ենք Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. Միացյալ Թագավորության դեսպանը՝ Ավինյանին
Մարտ 29 15:17 2019

Մարտի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Կառավարությունից   հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Միաժամանակ նա նշել է, որ առկա է զգալի ներուժ եւ համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկկողմ հարաբերությունները էլ ավելի բարձր մակարդակի հասցնել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են լավ կառավարման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային քաղաքականության ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Տիգրան Ավինյանը Ջուդիթ Ֆարնուորթին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաեւ հանրային կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ կառավարության մտադրությունները: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության առաջատար փորձը զբաղվածության քաղաքականության եւ հանրային կառավարման ոլորտներում՝ կողմերը պայմանավորվել են ավելի խորն ուսումնասիրել այդ ուղղություններով համագործակցության հնարավորությունները: