Փորձելու ենք գտնել հնարավորություն, որ առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով. ՊՆ փոխնախարար


Փորձելու ենք գտնել հնարավորություն, որ առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով. ՊՆ փոխնախարար
Մարտ 22 16:00 2019

Փորձում ենք ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ տարիքը գործող 36-ի փոխարեն դարձնելով մինչեւ 40 տարեկան, քանի որ դիմումները  շատ են: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը

Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ըստ որի ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը, Գաբրիել Բալայանն ասաց, որ այդ գաղափարը քննարկման փուլում է, իսկ ժամկետներ չի կարող նշել:

«Փորձելու ենք գտնել հնարավորություններ, որ առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականացնելով մարտական խնդիրներ, այն անձնակազմը, որը սահմանափակում ունի, բայց պիտանի է զինվորական ծառայությանը, կատարեն այլ գործառույթներ,  բայց փոքր-ինչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները։Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներով անձանց համար ավելի երկար ժամանակ սահմանվի, քան 24 ամիսն է, եւ հակառակը՝ մարտական հերթապահությունը լինի ավելի կարճ՝ 24 ամսից պակաս»,-ասաց փոխնախարարը: