Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ)


Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ)
Մարտ 19 18:38 2019

Փետրվարի 28-ի գիշերը Քաջարանի Շահումյան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, ննջարանի զգեստապահարանից հափշտակել 3.750.000 դրամ ու հեռացել:

Գողության մասին ահազանգը ոստիկանության Կապանի բաժնում ստացվել է օպերատիվ կառավարման կենտրոնից. տուն վերադարձած տանտերը 1-02 էր զանգել: Դեպքի վայրում իրավապահները համապատասխան ուսումնասիրություններ են արել: Տարբեր վարկածներ են առաջ քաշվել ու հերքվել: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: 

Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկել է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից ժամեր անց առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով, բացահայտվել է: 

Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, Քաջարանի Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել Քաջարանի բնակիչ Արթուր Հովսեփյանը: Ավելի ուշ Հովսեփյանը ոչ միայն խոստովանել է կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրել, թե որտեղ է թաքցրել գողոնը: 
Հարևանի տան մոտակայքում գումարը նավթի տարայի մեջ էր պահել: Արթուր Հովսեփյանը ձերբակալված է: 

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները քննելու և պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: