Լենա Նազարյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր


Լենա Նազարյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր
Մարտ 6 13:26 2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Լենա Նազարյանը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:

Զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացման կարեւորությունը:

ԱԺ փոխնախագահը հետաքրքրվել է դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը պատմել է առաջիկայում իրականացվելիք բազմաբնույթ միջոցառումների մասին: