«Իշխանական քարոզչամեքենան Բաքվում ընթացող «դատավարությունը» շատ չի լուսաբանում։ Իրականում այն դատավարություն չէ այնտեղ նստածների մասին»,-խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա մեջբերեց Բաքվի «դատավարությունից» հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ 1990 թվականին Երասխից կրակել են Սադարակի վրա, Շամշադինից՝ ադրբեջանական մեկ այլ գյուղի վրա և նշեց, որ այդ «դատը» Հայաստանի դեմ է։
«Իրականում Բաքվի «դատը» Մելքոնյան Գագիկի, Քոչարյան Անդրանիկի դեմ է, ով եղել է այդ ամբողջ կազմակերպական աշխատանքում։ Սիրելի՛ հայրենակից, ՀՀ-ի դեմ է դատը և ամեն դատից հետո երբ հրապարակվում է լրահոսը, գրվում է որպես կազմակերպիչ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի անունները... Արամ Սարգսյա՛ն, հանգուցյալ եղբորդ դեմ է դատը։ Հիշատակվում է Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Արշավիր Քարամյանի, Մելքոնյան Մոնթեի դեմ է դատը»,- ասաց Մանուկյանը և նկատեց, որ վաշինգտոնյան փաստաթղթում այդ դատի մասին խոսք չկա։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ միջազգային ատյաններից երկուստեք հայցերը հետ քաշելուց հետո էլ Բաքվում դատավճիռ է լինելու և՝ ՀՀ-ի դեմ։
«Վերջում դիմում եմ ՔՊ պատգամավորներին՝ ցանկացածիդ հրավիրում եմ մեր տուն, որ դուք բարձրաձայնում եք խաղաղության մասին։ Սա մայրիկիս լուսանկարն է՝ արված 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, իր ծննդյան օրն էր, պատշգամբում երբ նստած էր՝ պատահաբար այս պատկերը հեռախոսով նկարեցի, մի քանի ժամ հետո լուրն եկավ, որ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ և մորս այս կարոտով հայացքը մինչև հիմա շարունակվում է։ Խնդրում եմ, որևէ մեկդ եկեք մեր տուն, ու մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է, խնդրում եմ գնացեք Ներքին Հանդ և իր հարազատին գյուղի գերեզմանում հուղարկավոր չկարողացող գյուղացուն համոզեք, որ խաղաղությունը եկել է, Գնացեք Գեղարունիք, Վարդենիս հանդամասեր չունեցողներին ասեք, որ խաղաղությունն եկել է»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։