ՀՀ տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք», բայց չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք անվանել ցանկացած անունով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


ՀՀ տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք», բայց չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք անվանել ցանկացած անունով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Սեպտեմբեր 10 18:44 2025

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունն ու սահմանների անխախտելիությունը, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանից բխում է, որ ՀՀ տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանը և որոնց հետ կապված և/կամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- նշեց նա՝  ցուցադրելով լուսապատճեններ, որտեղ իր ստորագրությամբ արձանագրվել է, որ Հայաստանի տարածքում լինելու է «Tripp» անունով ենթակառուցվածք։

«Այս արձանագրության տակ կան նաև ԱՄՆ ու Ադրբեջանի նախագահների ստորագրությունները»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե «Tripp»-ը Հայաստանի ու ԱՄՆ-ի քննարկման օրակարգի հարց է։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ ինքն ու Թրամփը ստորագրել են «մտադրությունների հուշագիր» «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին, որտեղ պայմանավորվել են, որ նախագիծն իրականացվելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։

«Սա է օբյեկտիվ իրականությունը, ես հստակ ասում եմ, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել նաև, որ այդ անունն Ադրբեջանում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող  է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝  այն ենթակառուցվածքներից, որ պետք է միանա, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով, ցանկացած մարդու անունով, բայց դա Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Հայաստանի օրակարգի հետ որևէ կապ չունի։ Եթե նույնիսկ երդվեն, որ Հայաստանի հետ կապ ունի, չհավատաք,- ասաց Նիկոլ Փաշինյանը։