Սեպտեմբերի 12-ին մեկնարկել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժությունները։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարների և շտաբների հմտությունները, զորքերի տարածաշրջանային և կոալիցիոն խմբերի փոխգործակցության և դաշտային պատրաստության մակարդակը՝ խաղաղության պահպանման, շահերի պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովման համատեղ խնդիրների լուծման գործում։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զորքերի կոալիցիոն խմբի կազմում համատեղ գործողություններ իրականացնելու համար զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների ռազմական հրամանատարական մարմինների օպերատիվ խմբերը։
Հայաստանի Հանրապետությունը, սակայն, չի մասնակցում այս զորավարժություններին։
Հայաստանի մասնակցության վերաբերյալ Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցում նշված զորավարժությանը:
«Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի տարածքում։