Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:
Երկրի ապագայի համար կարևորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը և այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ: