2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկան Գարիկ Մաթևոսյանը այսօր դատական նիստում առարկեց, որ խմբի 10 ադամների նկատմամբ համաներում կիրառվի:
«Գիշերը մոտավորապես 3-ի կողմերը «Արեգ» բազայի կողմից օգնության կանչ ստացա։ Ինձ հետ նույն վայրում ծառայություն իրականացնող Վլադիմիր Նիկողոսյանի հետ իմ մեքենայով մոտեցանք «Արեգ» բազա՝ ՊՊԾ գունդ: Մոտավորապես 10-15 մետր կար, որ հասնեինք ՊՊԾ գնդի դարպասին, երբ նկատեցինք «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան, որը հարվածել էր դարպասին: Իմ առջևում կանգնած էր մեր ոստիկաններից Դավիթը, իմ մեքենայով ես կանգնել եմ Դավիթի մեքենայի հետևը. այդ ընթացքում նկատեցինք մի տարեց մարդու սպիտակ մորուքով մարդու, որը ավտոմատները դրած դեպի մեր ուղղությամբ կրակում էր, բայց օդ էր գնում»,-ասաց նա։
Տուժողը հայտնեց, որ կրակոցներ են արձակվել նաև Սարի թաղում գտնվող «Օջախ» խանութի տիրոջ տան ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ՊՊԾ գունդ են մտել գնդի երկրորդ մուտքով, և երբ երկու այլ ոստիկանների հետ հասել են 3-րդ հատուկ գումարտակի մուտքի մոտ, ՊՊԾ գնդի խաչքարի կողմից իրենց ուղղությամբ կրակոցներ և սեռական հայհոյանքներ են հնչել: Դրանից հետո փորձել են հետ փախուստի դիմել։
«Ասում էի՝ ձեր պահանջը ներկայացրեք համապատասխան մարդկանց ոչ թե մեզ, մեզ հետ կապված ի՞նչ կա, որ նման ձևով եք վերաբերում: Երբ ինձ իջացրին ներքև զինված խմբի անդամները ավտոմատները պահել էին ինձ վրա և ասում էին՝ միացի մեզ, ես պատասխանեցի, որ ես ոստիկանության աշխատող եմ, ես իմ աշխատանքն եմ կատարում և ձեզ հետ չեմ և երբևիցե չեմ էլ միանա ձեզ: Այնուհետև մեզ իջեցրին ԿՊՊ»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ իր հորդորով խմբի անդամներն ազատ արձակեն այն երկու ոստիկաններին, որոնց ամրակներ էին հագցրել ձեռքներին, և որոնք ինքն է արձակել։
Մեղադրող Պետրոսյանի հարցին՝ այդ ընթացքում նրա նկատմամբ բռնություն գործադրվե՞լ է, Մաթևոսյանը բացասական պատասխան տվեց.
«Եղել է դեպք, որ Արմեն Բիլյանը փորձել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել»:
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող` Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 6-ին, առարկեց, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։