Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին


Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
Մարտ 6 16:13 2019

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:

Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի արդյունավետ աշխատանքը:

Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակցության առնչությամբ:

Ռուս-հայկական քաղաքական օրակարգի առաջմղման գործում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւորությունը եւ առաջիկայում հանդիպումներն ու քննարկումները հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերել: