Կանանց խնդիրները հաճախ մնում են չբարձրաձայնված, իսկ կարծրատիպերը նպաստում են նրանց նկատմամբ բռնությանը․ Պաշտպանի հատուկ զեկույցը Ժնևում


Կանանց խնդիրները հաճախ մնում են չբարձրաձայնված, իսկ կարծրատիպերը նպաստում են նրանց նկատմամբ բռնությանը․ Պաշտպանի հատուկ զեկույցը Ժնևում
Մարտ 6 15:43 2019

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող մարդու իրավունքների աշխարհի հաստատությունների տարեկան բարձրաստիճան կոնֆերանսին, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը և այդ ոլորտում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը նշել է, որ կանանց իրավունքների երաշխավորման հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում և խնդիրներն արտացոլվում են ինչպես տարեկան, այնպես էլ հատուկ զեկույցներում։

«Հաշմանդամություն ունեցող կանայք ենթարկվում են կրկնակի խտրականության, քանի որ նրանց համար բժշկական ծառայությունները շարունակում են անմատչելի մնալ հատկապես մարզերում և մի շարք գյուղական համայնքներում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ կանայք բարդություններ են ունենում թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատավայրում առաջխաղացման, թե՛ հղիության և ծննդաբերության դեպքում աշխատատեղը պահպանելիս։ Նրանք երեխաների խնամքի կազմակերպման հարցում ևս ունենում են բարդություններ, քանի որ մեծ մասամբ առկա չեն աշխատանքային ճկուն պայմաններ երեխա խնամող և աշխատող կանանց համար:

Ելույթում անդրադարձ է կատարվել կանանց վերաբերյալ կարծրատիպերին, որոնց պատճառով կանայք բավարար մասնակցություն չեն ունենում որոշումների կայացմանը։ Կարծրատիպերն են նաև կանանց նկատմամբ բռնությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։

Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության փորձը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև կարևորել է լրատվամիջոցների դերը կանանց իրավունքների արդյունավետ երաշխավորման հարցում։