Տիգրան Ավինյանը ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը


Տիգրան Ավինյանը ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը
Մարտ 5 20:20 2019

Մարտի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետն այս առումով ասել է, որ Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան: Նա նաև հավելել է, որ այժմ ուսումնասիրվում են ապագայում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը:

Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով: