Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել. ՀՔԱՎ


Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել. ՀՔԱՎ
Մարտ 5 18:18 2019

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2005 թ.-ին  ծառայակցի սպանության մեջ մեղադրված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019թ. փետրվարի 25-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գործը վերանայելու պահանջով եւ վճիռ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:

Արթուր Քոչարյանին Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005թ. հոկտեմբերի 11-ին մի քանի ծառայակիցների հետ ցմահ ազատազրկման է դատապարտել: 2006թ. հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանը մյուսների մասով առաջին ատյանի դատարանի վճիռը փոփոխել եւ նվազեցրել է պատժաչափը, իսկ Արթուր Քոչարյանի մասով թողել է անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման վճիռը կայացրել է մի շարք խախտումներով, իսկ վերաքննիչը, առանց ուսումնասիրելու վերաքննիչ բողոքում նշված փաստերը, անփոփոխ է թողել դատավճիռը:

Արթուր Քոչարյանը ազատազրկման է դատապարտվել մի արարքի համար, որի կատարման մեջ իր մեղավորությունը հաստատող ապացույցներ չկան: Դատարանը հիմնվել է միայն մեկ անձի ցուցմունքի վրա, որը գործով շահագրգիռ անձ է: Դատարանը հաշվի չի առել ցուցմունք տված անձի իրական  մտադրությունների մասին Արթուր Քոչարյանի հայտարարությունները և չնայած պարտադիր է, որ ցուցմունքները հաստատող օբյեկտիվ տվյալներ լինեն՝ դրանք հիմք ընդունելու համար, դատարանը, առանց օբյեկտիվ տվյալների, մեղադրանքի հիմքում դրել է այդ մեկ ցուցմունքը:

Սրանով խախտվել է Արթուր Քոչարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության իրավունքը, կայացվել իրավական և փաստական հիմքերից զուրկ որոշում: Դատարանը ձեռք չի բերել մեղքը հաստատող հավաստի ապացույցներ և հիմնվել է մտացածին ու հակասական ցուցմունքի վրա: